Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում

26.09.2018 12:33
Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը երկու կազմակերպությունների միջև տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին Նիդերլանդներում:

Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է:

Ըստ վիճակագրական տվյալների, վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը և միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտում:

«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկայում կան լայն հնարավորություններ և աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը: Մենք կարևորում ենք կին ձեռներեցների գործունեությունը և ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր Capital Locus ընկերությանը` միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար», – նշել է  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է: Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից Կանայք բիզնեսում վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնապստի նաև աշխատատեղերի ստեղծմանը և կխթանի կանանց ներգրավածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ», – հավելել է FMO- ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև