ԿԲ այցելուների կենտրոնը թարմացրել է կայքը. 360˚ վիրտուալ շրջագայություն, առցանց գրանցում և հետաքրքիր փաստեր

19.11.2018 15:34
ԿԲ այցելուների կենտրոնը թարմացրել է կայքը. 360˚ վիրտուալ շրջագայություն, առցանց գրանցում և հետաքրքիր փաստեր

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը երկուշաբթի ներկայացրել է իր նորացված https://visitorcentre.cba.am կայքը, որտեղ կարելի է գտնել բազմաթիվ հետաքրքիր նորամուծություններ:

Ինչպես նշեց ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը, հետաքրքրությունը կենտրոնի հանդեպ աճում է ինչպես այցելուների թվի, այնպես էլ կայքի հաճախորդների առումով:

«Մենք փորձել ենք այն ավելի ինտերակտիվ դարձնել: Նոր լուծումները կօգնեն օգտատերերին պատկերացում կազմել կենտրոնի մասին, դիտել լուսանկարներ, կատարել վիրտուալ շրջագայություն և առցանց գրանցվել տուրերի կազմակերպման համար», - ասաց Նահապետյանը:

Ինչպես նշեց ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը, նոր կայքը համատեղում է միանգամից մի քանի գործառույթ, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն վիրտուալ այցելել թանգարան, այլև ծանոթանալ որոշ ցուցանմուշներին:

«Իր ուղիղ գործառույթներից բացի, որոնք վերաբերում են հայկական դրամի պատմությունն ու ԿԲ–ի գործունեությունը ներկայացնելուն, կայքը լուծում է նաև մի շարք կարևոր ֆունկցիոնալ խնդիրներ` մասնավորապես, կայքում հնարավոր է գրանցվել դպրոցականների, ուսանողների և առանձին խմբերի այցելություններ կազմակերպելու համար», - ասաց Բարսեղյանը:

Ըստ նրա, առցանց գրանցման համակարգը բավականին պարզ է` ներկայացված տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այցելության համար հարմար օրը և ժամը, նշել դպրոցի թիվը և դասարանի երեխաների քանակը, էքսկուրսիայի անցկացման համար անհրաժեշտ լեզուն, ինչպես նաև նշել էլեկտրոնային հասցե:

Թանգարանի աշխատակիցները կհամաձայնեցնեն ամսաթիվը, և շրջագայությունից մի քանի օր առաջ կուղարկեն հիշեցում: Միաժամանակ, երկրորդ այցելության դեպքում ավելի հեշտ կլինի ձևակերպել հայտը, քանի որ համակարգը «կհիշի» ձեր տվյալները:

«Այսուհետ կայքում հնարավոր է կատարել  վիրտուալ շրջագայություն`360˚ ձևաչափով, որտեղ ներկայացված են հայկական թղթադրամները և մետաղադրամները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր հուշադրամները», - ասաց Բարսեղյանը:

Վիրտուալ շրջագայության ընթացքում այցելուները կարող են ծանոթանալ ցուցահանդեսի նոր ցուցանմուշներին, դրանց մանրամասներին, լուսանկարներին, սակայն ցուցադրության հետ ամբողջությամբ հնարավոր կլինի ծանոթանալ` այցելելով կենտրոն։

Նա նաև նշեց, որ կայքում կարելի է ծանոթանալ ոչ միայն փողերի մասին հետաքրքիր փաստերի հետ, այլև մասնակցել հայկական դրամի պաշտպանության աստիճաններին և ֆինանսական գործիքներին վերաբերող կրթական ծրագրերին, ինչպես նաև խաղալ առցանց խաղեր` հավաքել փազլ հայկական թղթադրամներից, որտեղ մակարդակներն աստիճանաբար բարդանում են կամ մասնակցել «Ֆինանսական ֆուտբոլ» խաղին։

Նրա խոսքով, կենտրոնն իր այցելուներին առաջարկում է նաև գրառում թողնել Այցելուների գրքում, այցելուները կարող են իրենց տպավորությունների մասին գրել հենց պլանշետով և մեկնաբանությունը կհրապարակվի կենտրոնի կայքում։

Ինչպես նշեց կենտրոնի ղեկավարը, կանոնավոր կերպով թարմացվում է նաև գրադարանը, պրոֆեսիոնալ գրականությունից կարող են օգտվել ասպիրանտները, դասախոսներն ու գիտնականները` պարզապես գրանցվելով կենտրոնի գրադարանում։

Կենտրոնում հատուկ էկրանների վրա հնարավոր է դիտել տեսահոլովակ և ծանոթանալ տարբեր ֆինանսական կառույցներին, դրանց գործառույթներին։

Կենտրոնն առաջին այցելուներին ընդունել է 2011 թ.–ի սեպտեմբերի 20–ին։ Այցելուների թիվը տարեցտարի աճում է, յոթ տարվա ընթացքում կենտրոն է այցելել ավելի քան 70 հազար մարդ (որից 10 հազարը մարզերի բնակիչներ են)։ 2016 թ.–ից կենտրոնում գործում է նաև Պետական գանձարանի պատմամշակութային դրամագիտական արժեքների ցուցադրություն։

Կենտրոնի հիմնական նպատակն է ավելացնել ԿԲ–ի գործառույթների և գործունեության մասին իրազեկվածության մակարդակը թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով։ Կենտրոնում գործում են նաև ինտերակտիվ գոտիներ, դրամական միավորների և բանկոմատների իսկությունը ստուգելու լաբորատորիա, ինչպես նաև երկու մուլտիմեդիոն խաղեր։ Հատուկ կինոսրահում այցելուները կարող են ծանոթանալ հայկական դրամի պատմությանը, ԿԲ–ի գործունեությանը, դիտել մուլտֆիլմեր գների կայունության և ֆինանսական համակարգի գործունեության մասին։

Կենտրոնի հիմնական թիրախային խումբը դպրոցականներն ու ուսանողներն են, որոնց համար ամեն օր կազմակերպվում են մի քանի շրջայցեր` 1,5–2,5 ժամ տևողությամբ։ Կենտրոնի դռները բաց են նաև մասնավոր այցելությունների համար։ Խմբերի համար շրջայցերը կազմակերպվում են նախնական գրանցման դեպքում` էքսկուրսավարների ուղեկցությամբ և բացարձակ անվճար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև