Նոր հիբրիդային թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ դրամի 25–ամյակի կապակցությամբ

20.11.2018 15:22
Նոր հիբրիդային թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ դրամի 25–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ազգային արժույթի 25–ամյակին նվիրված երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամները կդրվեն շրջանառության մեջ նոյեմբերի 22–ից։ Այդ մասին երեքշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

«Թղթադրամների բացառիկությունն այն է, որ դրանք հիբրիդային են, այսինքն` միաժամանակ պատրաստված են թղթից և պոլիմերներից։ Այդ հատկությունն ապահովում է դրանց բարձր պաշտպանվածությունը։ Մասնավորապես, թղթադրամների այս որակը թույլ կտա դրանց նկատմամբ կիրառել պաշտպանիչ տարրեր, որոնք մենք չէինք կարողանա օգտագործել սովորական փողերի համար»,– ասաց նա։

Նրա խոսքով, նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն փուլ առ փուլ, քանի որ Կենտրոնական բանկն առայժմ ստուգում է դրանց որակը, ընդունում և տեսակավորում է դրանք։

Նահապետյանը հայտնեց, որ նոյեմբերի 22–ից շրջանառության մեջ կդրվեն 10, 20 և 50 հազարանոց թղթադրամները, իսկ 1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները կներդրվեն դեկտեմբերի 25–ից։

Նա հիշեցրեց, որ նոր սերնդի թղթադրամները կշրջանառվեն հների հետ միաժամանակ, այդ իսկ պատճառով բնակչությունը կարիք չունի անհանգստանալու և կարող է օգտագործել դրանք այնքան ժամանակ, մինչև դրանք բնական ճանապարհով, մաշվածության պատճառով, դուրս գան շրջանառությունից։

Նահապետյանն ավելացրեց, որ Կենտրոնական բանկը չի թողարկել 100 000 անվանական արժեքով նոր թղթադրամներ, քանի որ կարգավորիչի հաշվարկով, այն պահանջարկ չունի։

«Մեր ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում խոշոր գործարքները հիմնականում իրականացվում են անկանխիկ կարգով, և մեր քաղաքականությունն ուղղված է հենց դրան»,– ասաց նա։

Միաժամանակ, ԿԲ գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց, որ սկզբնական փուլում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներով, քանի որ դրա համար անհրաժեշտ են տեխնիկական և ծրագրային փոփոխություններ։

«Այդ խնդիրը շուտով կլուծվի։ Մենք չենք ուզում շատ բեռ դնել բիզնեսի ուսերին, որ հենց նոյեմբերի 22–ից այդ ամենը սկսի աշխատել։ Տվյալ պահին դա խնդիր չի լինի, քանի որ շրջանառության մեջ դրված թղթադրամների մասնաբաժինն այդքան մեծ չէ։ Մոտ երկու ամսվա ընթացքում մենք կլուծենք այդ խնդիրը»,– ասաց նա։

Նահապետյանը հիշեցրեց, որ թղթադրամների թողարկման մրցույթ էր հայտարարվել, որի պայմանները շատ խիստ էին։ Մասնավորապես, պայմաններից մեկն այն էր, որ դրան մասնակցող տպագրատները եվրոյի թողարկում էին իրականացնում և տեխնիկապես կարող էին բավարարել ԿԲ–ի` թղթադրամների պաշտպանության պահանջները։ Արդյունքում մրցույթի հաղթող դարձավ Giesecke & Devrient ընկերությունը, որն էլ զբաղվեց երրորդ սերնդի հայկական թղթադրամների թողարկմամբ։

ԿԲ–ն նոր կոմպոզիտային թղթադրամների անցնելու մասին հայտարարեց 2017 թվականի հուլիսին։ Հայտարարվեց նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամի թողարկման և 100 հազար դրամանոց թղթադրամից հրաժարվելու մասին։ Երրորդ սերնդի թղթադրամների վրա կլինեն նոր պատկերներ։ Այսպես, հազար դրամանոց թղթադրամի վրա կլինի Պարույր Սևակի դիմանկարը, 2 հազարանոցի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5–հազարանոցի վրա` Վիլյամ Սարոյանի, 10–հազարանոցի վրա` Կոմիտասի, 20–հազարանոցի վրա` Հովհաննես Այվազովսկու և 50–հազարանոցի վրա` Սբ.Գրիգոր Լուսավորչի դիմանկարները։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև