ԿԲ–ն մեկնաբանել է հայկական բանկերում իրանական հաշիվների փակումը

20.11.2018 20:23
ԿԲ–ն մեկնաբանել է հայկական բանկերում իրանական հաշիվների փակումը

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն մեկնաբանել է հայկական բանկերում իրանական ծագում ունեցող հաշիվները փակելու մասին խոսակցությունները։

Հայկական ԶԼՄ–ներում տեղեկատվություն է տարածվել, որ բազմաթիվ հայկական բանկեր, ԿԲ–ի պահանջով, զանգվածային կերպով սկսել են փակել Իրանում ծնված հաճախորդների դոլարային հաշիվները, չնայած որ այդ քաղաքացիներն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն։ Նախնական տվյալներով, այդ ամենն Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների հետևանքն է։

ԿԲ–ի հաղորդմամբ, ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում ԻԻՀ քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից:

«Հայաստանի Հանրապետությունը սերտ համագործակցում է միջազգային ֆինանսական կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, ինչպես նաև անդամակցում է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին։ ՀՀ բանկերը օրենսդրության համաձայն պարտավոր են իրականացնել հաճախորդների ռիսկայնության գնահատում և չհամապատասխանող երկրի հետ կապ ունեցող անձանց դասել բարձր ռիսկային հաճախորդների շարքին, իրականացնելով հաճախորդի հավելյալ ուսումնասիրության խորացված միջոցառումներ», – նշվում է ԿԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։

ԿԲ–ից նշում են, որ հնարավոր է, որ բանկերը, հաշվի առնելով գործընկեր, թղթակից արտասահմանյան բանկերի կողմից հաճախորդների որոշակի խմբերի և/կամ առաջարկվող գործարքների մասով կիրառվող սահմանափակումները, ձեռնպահ մնան այդպիսի հաճախորդների սպասարկումից, որոնց թվում՝ ի թիվս այլոց, կարող են լինել նաև ԻԻՀ քաղաքացիներ և/կամ ԻԻՀ-ից անձինք: Ընդ որում` նման մոտեցումը նոր չէ և կիրառվել է նախկինում ևս, տարիներ առաջ գործող պատժամիջոցների ժամանակ:

«Ստեղծված աժեոտաժը բնական չէ, և հետապնդում է որոշակի խմբի կամ խմբերի մասնավոր շահերը», – նշել են ԿԲ–ից։

ԱՄՆ–ն 2018 թ.–ի նոյեմբերի 5–ին ամբողջ ծավալով վերսկսել է պատժամիջոցների գործարկումն Իրանի նկատմամբ, որոնք չեղյալ էին հայտարարվել 2016 թ.–ին Իրանական միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունման արդյունքում։ Պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև իրանական բանկերը, որոնցից մեկը` «Մելլաթ բանկը», ներկայացված է նաև Հայաստանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև