ՍԱԶԲ–ի նախագահը դրական է գնահատել Հայաստանի բանկերի վիճակը

22.11.2018 15:33
ՍԱԶԲ–ի նախագահը դրական է գնահատել Հայաստանի բանկերի վիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Դմիտրի Պանկինը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը լավ վիճակում է։ Նրա խոսքով, դա մեծ մասամբ երկրի Կենտրոնական բանկի արժանիքն է։

«Իրականացվում է շատ հստակ վերահսկողություն բանկային հատվածի նկատմամբ, բանկերն ունեն լավ կապիտալիզացիա, վատ պարտքերի չնչին ծավալ։ Սա հազվագյուտ օրինակ է, երբ փոքր երկրում բանկային համակարգը նորմալ գործում է», – հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։

Պանկինն ընդգծել է, որ ՀՀ–ում ՍԱԶԲ–ն հիմնականում զբաղվում է բանկերի վարկավորմամբ։ Բանկը նաև մասնակցում է բանկերի սինդիկատում օդանավակայանի վարկավորման նախագծի մասով։

«Հիմա կցանկանայինք ավելի շատ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքային նախագծերին։ Հիմա բանակցություններ ենք վարում էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, սննդային և վերամշակվող արտադրանքի ոլորտներում գործող նախագծերի շուրջ», – նշել է նա։

ՍԱԶԲ նախագահը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանում ստորագրված նախագծերի գումարը կազմում է մոտ 130 մլն եվրո։ Ներկայացվել է մոտ 83 մլն եվրո։ Ֆինանսավորման կուտակված ծավալը հասնում է մոտ 267 մլն եվրոյի։

«Դա քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը բանկի վարկային պորտֆելում զբաղեցնում է մոտ 6,5%, այն դեպքում, երբ բաժնետերերի կառուցվածքում նրա մասնաբաժինը կազմում է 0,5%», – նշել է Պանկինը։

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։ ՍԱԶԲ–ի կենտրոնակայանը գտվում է Սալոնիկում (Հունաստան)։ ՍԱԶԲ–ն աջակցում է տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային համագործակցությանը փոխառություններ, վարկային գծեր, կապիտալ և երաշխիքներ տրամադրելու միջոցով, որոնք նախատեսված են մասնակից երկրներում գործող պետական և մասնավոր հատվածի ընկերությունների նախագծերի և առևտրային ֆինանսավորման համար։ 2018 թ.–ի հուլիսից ՍԱԶԲ–ի նախագահն է Դմիտրի Պանկինը, ով ավելի վաղ գլխավորում էր Եվրասիական զարգացման բանկը։

Հայաստանում գործող 17 բանկերի ակտիվները 2018 թ.–ի 9 ամսում կազմել են 4 738,9 մլրդ դրամ` տարեսկզբի համեամտ ավելանալով 8,8%–ով, պարտավորությունները` 3 990,2 մլրդ դրամ (9%-ի աճ), ընդհանուր կապիտալը` 748,6 մլրդ դրամ (8%–ի աճ)։ Բանկերի զուտ շահույթը 9 ամսում կազմել է 51,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 28,5 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 81,3%–ով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև