2018 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում գրանցված կարևոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

20.12.2018 15:03
2018 թ.–ին ՀՀ ֆինանսական հատվածում գրանցված կարևոր իրադարձությունների տասնյակն` ըստ «ԱՌԿԱ» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցնող տարին Հայաստանի համար ավելի շատ ասոցացվում է քաղաքական իրադարձությունների հետ։ Երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, ամբողջությամբ փոխվեց կառավարության կազմը, այդ թվում` տնտեսական հատվածի նախարարները։ Այդուհանդերձ, ֆինանսական հատվածում արձանագրվեցին փաստեր, որոնք, «ԱՌԿԱ» գործակալության տարբերակով, ներառվել են 2018 թ.–ի կարևոր իրադարձությունների տասնյակում։

  1. Նոր թղթադրամներ

ՀՀ ԿԲ–ն նոյեմբերի 25–ին հայկական դրամի 25–ամյակի կապակցությամբ շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի նոր հիբրիդային թղթադրամները` 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամ անվանական արժեքով։ 1000, 2000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն դեկտեմբերի 25–ից։ Նոր տիպի թղթադրամներն ունեն երկու առավելություն. նրանց պաշտպանության աստիճանը շատ ավելի բարձր է, քան թղթայինների դեպքում է, բացի այդ հիբրիդային թղթադրամներն ավելի երկար են ծառայում։ Թղթադրամների վրա փոխվել են նաև պատկերները։ Այսպես, 1000 դրամ թղթադրամի վրա կհայտնվի Պարույր Սևակի դիմանկարը, 2000 դրամանոցի վրա` Տիգրան Պետրոսյանի, 5000 դրամանոցի վրա` Վիլյամ Սարոյանի, 10000 դրամանոցի վրա` Կոմիտասի, 20 հազար դրամանոցի վրա` Հովհաննես Այվազովսկու, 50 հազար դրամանոցի վրա` Սուրբ Գրիգոր Լուսավորչի դիմանկարը։ Երրորդ սերնդի հայկական թղթադրամները թողարկում է Giesecke & Devrient գերմանական ընկերությունը։

  1. Բանկերը ներում են տույժերն ու տուգանքները

ՀՀ ԱԺ–ն հունիսի 21–ի նիստի ժամանակ հաստատեց Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունները, ըստ որոնց, բանկերին թույլատրվում է «ներել» քաղաքացիների տույժեն ու տուգանքները վարկերի վճարների ուշացման համար։ Այդ փոփոխության հիման վրա, բոլոր բանկերը սկսեցին ֆիզիկական անձ–հաճախորդների տույժերն ու տուգանքները ներելու գործընթացը։ Որոշումները վերաբերում էին 2018 թ.–ի մայիսի 31–ի դրությամբ 271 օր և ավել ժամկետով ուշացած վարկերին։ Մի շարք բանկեր կիրառեցին այս գործընթացը նաև ՓՄՁ ներկայացուցիչների նկատմամբ։

  1. Կուտակային կենսաթոշակային համակարգի լիարժեք ներդրում

Հուլիսի 1-ից Հայաստանում լիարժեք սկսեց գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Հունիսի 21-ին խոհրհդարանը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելը, ըստ որի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով քաղաքացիների վճարումների մասնաբաժինը կրճատվեց` 5-ից 2,5 տոկոս, իսկ պետության մասնաբաժինը աճեց` 5-ից 7,5 տոկոս:

  1. Արտոնյալ հիփոթեք

Կառավարությունը փոփոխություններ կատարեց  «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկերի սուբսիդավորման կարգի մեջ: Ծրագրի շրջանակում աննախադեպ հիփոթեքային պայմաններ է առաջարկված երիտասարդ ընտանիքների համար սոցիալական բնակարանաշինության ոլորտում: Մասնավորապես, երկրորդային շուկայի համար Երևանում հիփոթեքը կտրամադրվի 7,5 տոկոս տոկոսադրույքով և 5,5 տոկոսադրույքով` ՀՀ մարզերում: Բացի այդ, ամուսինների ընդհանուր տարիքը բարձրացվեց` 65-ից դառնալով 70 տարեկան: Այս ալիքի ֆոնին բանկերը մեկը մյուսից հետևից սկսեցին իջեցնել հիփոթեքի տոկոսադրույքները:

  1. Բորսայի նոր ռազմավարությունը

Այս տարվա հուլիսին NASDAQ OMX Armenia հայկական բորսան և Դեպոզիտարիան Հայաստանի և տարածաշրջանի կապիտալի շուկայում բիզնեսի հեռանկարներն ավելի արդյունավետ օգտագործելու համար մշակեցին 2018-2020 թթ. զարգացման նոր ռազմավարություն, որը ներառում է աշխատանքների պլան և կառավարման նոր համակարգ: Մասնավորապես, նախատեսվում է բորսային առևտրի կազմակերպման թարմացում, ինչը հասանելի կդարձնի հայկական շուկան (առանց միջնորդների) ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Կստեղծվի քրաուդֆանդինգի հարթակ, որտեղ startup-երը կկարողանան ներգրավել պարտքային կապիտալ, ինչպես նաև խոշոր ընկերությունների համար կմշակվի B2B հարթակ, որտեղ նրանք հնարավորություն կստանան տեղաբաշխել և ներգրավել ֆինանսական միջոցներ: Նախատեսվում է մշակել Դեպոզիտարիայի ծառայությունների բջջային հավելված, ինչպես նաև բազմաթիվ այլ նորարարություններ և ծառայություններ կապիտալի շուկայի մասնակիցների համար:

  1. ՀՀ ԿԲ–ն ընդլայնեց իր խնդիրների շարքը

ՀՀ ԿԲ–ն ապրիլի 9–ից սկսեց երկու հիմնական նպատակների ապահովում` գների և ֆինանսական համակարգի կայունություն։ ՀՀ ԱԺ–ն դեռ 2017 թ.–ի դեկտեմբերին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները։ Փոփոխություններով հաստատվեց ԿԲ–ի նոր խնդիրը` ապահովել ֆինանսական կայունություն։ Միաժամանակ, դրամավարկային քաղաքականությունը որոշվելու է արդեն ոչ թե 12 ամսով, այլ 3 տարով, ինչի արդյունքում քաղաքականությունը կդառնա ավելի կանխատեսելի։

  1. Բանկերի ռեկորդային շահույթը

2018 թ.-ի 9 ամիսների ընտացքում Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը կազմել է 51,6 մլրդ դրամ` անցած տարվա նույն ժամանակահատվածի 28,5 մլրդ դրամի համեմատ` աճելով 81,3 տոկոսով; Դա շահույթի ամենաբարձր ցուցանիշն է 2013 թ.-ից հետո: Բացի այդ, 9 ամիսների արդյունքներով, բանկերը գրանցել են վարկավորման երկնիշ ցուցանիշ: Տարվա սկզբի հետ համեմատ այդ ցուցանիշն աճել է 10,2%-ով` մինչև 2 910,8 մլրդ դրամ: Ընդ որում, բանկերի պարտավորությունները սեպտեմբերի վերջի տվյալներով կազմել են 3 990,2 մլրդ դրամ (9%-ի աճ), որոնցից հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են 2 709,4 մլրդ դրամ (6%-ի աճ): Բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 748,6 մլրդ դրամ` տարվա սկզբի հետ համեմատ աճելով 8 տոկոսով:

  1. Թվային բանկային ծառայությունների թրենդ

2018 թվականին Հայաստանի բանկային համակարգում ուրվագծվել է օնլայն բանկային ծառայությունների կատարելագործման և թվային բանկինգի զարգացման թրենդ։ Մասնավորապես, տարեսկզբին Ամերիաբանկը ներդրել է ֆիզիկական անձանց, իսկ արդեն նոյեմբերին` ՓՄՁ–ին, փաստորեն, վարկավորման ավտոմատ սքորինգային համակարգ` այդ ընկերություններին օնլայն վարկավորման հնարավորություն ընձեռելով։

Դեկտեմբերին Ամերիաբանկն առաջին անգամ ներդրել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս ոչ կոնտակտային վճարումներ կատարել Visa Pay Sticker–ի միջոցով, և նախաձեռնել է ՍՄԱՐԹ հաշիվ բացելու հեռակառավարվող ծառայություն։ Օնլայն բանկային ծառայությունների շուկայում մեկ այլ ակտիվ խաղացող է դարձել Ինեկոբանկը, որը հոկտեմբերին գործարկել է InecoPay նորարարական և ժամանակակից վճարային համակարգ, որը թույլ է տալիս իրագործել ոչ կոնտակտային վճարումներ սմաթֆոնների միջոցով։ Բանկը նաև ընդլայնել է InecoMobile հավելվածի հնարավորությունները։ Արդշինբանկն առցանց ծառայությունների շուկայում ակտիվ տարածում էր իր մոբայլ բանկինգը` ԱՊՊԱ պայմանագրերի ձևակերպման և օնլայն վարկավորման ծառայության նոր հնարավորություններ տրամադրելով։ Բիզնեսի թվայնացման ուղի է բռնել նաև Անելիք բանկը։ Մայիսի վերջում բանկն իրականացրել է ամբողջական վերաբրենդավորում, փոխելով անվանումը, տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկ տարրերը։ Այժմ այն կոչվում է IDBank։

  1. Նոր բաժնետերեր

2018 թվականին հայկական երկու բանկեր համալրել են իրենց բաժնետիրական կապիտալը նոր բաժնետերեր ներգրավելու հաշվին։ Մասնավորապես, մայիսին Ամերիաբանկն Ասիական զարգացման բանկին վաճառել է բաժնետոմսերի 13.98 տոկոսը 30 մլն դոլարով։ Դրա արդյունքում այսօրվա դրությամբ բանկի բաժնետերերն են` Ameria Group (CY) Limited - 56.60%, ESPS Holding Limited - 11.62%, EBRD- 17.80% и АБР - 13.98%. Նույն ամսում agRIF Coopeartief U.A հոլանդական ֆինանսական ընկերությունը ձեռք է բերել Ինեկոբանկի բաժնետոմսերի 10 տոկոսը։ Միաժամանակ, ՎԶԵԲ–ին է պատկանում բաժնետոմսերի 22.7 տոկոսը, մյուս սեփականատերերը ֆիզիկական անձինք են։

  1. Միջազգային կազմակերպությունների արդիական կանխատեսումներ

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը դեկտեմբերի 3–ին հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-term Issuer Default Rating IDR) B+ մակարդակում «Դրական» կանխատեսմամբ։ Գործակալության համաձայն, Հայաստանի վարկանիշերը հավասարակշռվում են դրամավարկային քաղաքականության հուսալի կառուցվածքով, մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների ավելի բարձր մակարդակով, բարձր արտաքին պարտքով պետկառավարման ցուցանիշներով և որոշ հարևան երկրների հետ լարված հարաբերություններով։

Moody’s Investors Service գործակալությունը մարտին հաստատել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով պարտքային պարտավորությունների էմիտենտի սուվերեն վարկանիշը B1 մակարդակում` բարելավելով կանխատեսումը «Կայուն»–ից «Դրական»–ի։

S&P Global Ratings–ը Հայաստանում առաջին անգամ ներկայացրել է առևտրային ընկերության վարկանիշը։ Նոյեմբերին S&P Global Ratings գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է «Կայուն» կանխատեսմամբ «B+/B» էմիտենտի երկարաժամետ և կարճաժամկետ վարկային վարկանիշ։ Դեկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը «Հայաստանի ֆինանսական հատվածի կայունության գնահատականներ» (FSAP) ծրագրի շրջանակում հանրապետության ֆինանսական համակարգը գնահատել է կայուն։ FSAP–ը բարձր է գնահատել Բանկային վերահսկողության Բազելի հիմնարար սկզբունքներին Հայաստանի բանկային համակարգի վերահսկման և կարգավորման համապատասխանության մակարդակը։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև