Վերաբացվեց Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

25.12.2018 17:52
Վերաբացվեց Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս Բանկի «Նոր Հաճըն» մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վերաբացումից հետո մասնաճյուղը  վերսկսելու է աշխատանքը  ք. Նոր Հաճն, Չարենցի փ. թիվ 8  հասցեում՝  ավելի հարմարավետ, ժամանակակից  չափորոշիչներին  համապատասխանող պայմաններում:

«2019թ. Կոնվերս Բանկը շարունակելու է իր մասնաճյուղային ցանցի ընդլայնման քաղաքականությունը՝  արդեն տարեսկզբից վերաբացելով <<Կենտրոնական>> և բացելով <<Արշակունյաց>> մասնաճյուղերը: Նախատեսում ենք, որ հաջորդ տարեվերջին Բանկը մասնաճյուղեր կունենա նաև այն տարածաշրջաններում, որտեղ այսօր ներկայացված չէ: Զուգահեռաբար, կշարունակվեն մասնաճյուղերի նորոգման, արդիականացման, սպասարկման պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները», – ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

2019թ. Կոնվերս բանկը շարունակելու է նաև աշխատանքները առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պարզեցման, հասանելիության և սպասարկման լավագույն որակի ապահովման ուղղությամբ:

«Կոնվերս Բանկը՝ լինելով Նոր Հաճնում գործունեություն ծավալած  առաջին բանկը, առանձնանում է  ոչ միայն առաջարկվող ծառայությունների հասանելիությամբ և սպասարկման բարձր  որակով, այլև  քաղաքապետարանի  հետ համագործակցության երկարամյա  փորձով: Կոնվերս Բանկ- համայնքապետարան հարաբերությունները կառուցված են գործընկերային և բարեկամական համագործակցության հենքի վրա, որի վառ ապացույցը Բանկի կողմից Նոր Հաճնի հիմնադրման 60ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը աջակցությունն էր՝ որպես գլխավոր հովանավոր», – ասել է համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը:

Նշենք, որ Կոնվերս  Բանկը Կոտայքի մարզում ներկայացած է 6 մասնաճյուղով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև