Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Nasdaq OMX Armenia-ում

25.12.2018 19:30
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին Nasdaq OMX Armenia-ում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի ԱՄՆ դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond ցուցակում, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Յունիբանկի 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրին ցուցակման զանգը։

Ընդհանուր առմամբ ցուցակվել է 50000 հատ պարտատոմս(UNIBB6) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5․5% տարեկան եկամտաբերությամբ։

Շրջանառության ժամկետը 36 ամիս է, վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն` Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալում արժեթղթերի շուկայում և հասարակությանը հնարավորություն ընձեռում օգտվել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումային գործիքներից: Մենք արդեն իրականացրել ենք պարտատոմսերի 8 թողարկում: Այս տարի բանկը տեղաբաշխել է1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտատոմսեր, որոնց նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը փաստում են բնակչության բարձր վստահության և բանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին: Մենք բարձր են գնահատում մեր համագործակցությունը ֆոնդային բորսայի հետ և գալիք տարի ևս նախատեսում ենք իրականացնել պարտատոմսերի նոր թողարկումներ», - նշել է Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Այս օրը նաև հատկանշական էր, քանի որ զանգն առաջին անգամ էր հնչում ֆոնդային բորսայի նոր գրասենյակում։

Զանգի հնչեցման ավանդույթը գալիս է դեռ 19–րդ դարից և կարևորվում է նրանով, որ աշխարհի տարբեր բորսաներում այն ազդարարում է կարևոր իրադարձությունները, օրինակ` արժեթղթերի ցուցակումը։

«Ողջունում եմ Յունիբանկին և շնորհավորում բոլորիս մեր նոր գրասենյակում ցուցակման առթիվ զանգի հնչեցման առաջին արարողության կապակցությամբ։ Միևնույն ժամանակ հորդորում եմ տնտեսության մասնակիցներին ներգրավել ֆինանսավորում արժեթղթերի միջոցով իրենց իսկ հաճախորդներից։ Որպես բորսա՝ մենք գործադրում ենք առավելագույն ջանքեր, որ ստեղծենք հարմարավետ հնարավորություններ մեր բոլոր հաճախորդների համար՝ թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների։ Եվ Ինչպես ցույց են տալիս վերջին ամսվա արդյունքները մենք ճիշտ ուղու վրա ենք», - ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև