8-րդ տարին անընդմեջ Կոնվերս բանկը՝ հաճախորդների հետ, «ձմեռ պապի» դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար

27.12.2018 18:06
8-րդ տարին անընդմեջ Կոնվերս բանկը՝ հաճախորդների հետ, «ձմեռ պապի» դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին,  Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընդհանուր առմամբ, այս տարի «Դարձիր Ձմեռ պապ» նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական:

«Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: «Դարձիր Ձմեռ պապ» -ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն  նախագծերից է: 2011թ-ից ի վեր  Կոնվերս Բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, «Ձմեռ պապ» է դարձել Տավուշի, Լոռիի, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց նախաամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն»,- ասացին Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխաների նկատմամբ հոգատար  ու սրտացավ վերաբերմունքի, ջերմության համար:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post