Հայէկոնոմբանկը ցուցակման է ներկայացրել 2․1 մլն ամն դոլար ծավալով պարտատոմսեր Հայաստանի Ֆոնդային բորսայում

27.02.2019 17:31
Հայէկոնոմբանկը ցուցակման է ներկայացրել 2․1 մլն ամն դոլար ծավալով պարտատոմսեր Հայաստանի Ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 26-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ-ի 2․1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվեցին AMX ֆոնդային բորսայի Bbond հարթակում։ Սա Հայէկոնոմբանկի առաջին ցուցակումն էր այս տարի, հայտնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան:

Ըստ տեղեկատվության, ընկերության դոլարային պարտատոմսերը (HEZBB5) ցուցակվել են 2.1 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 5.25% արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների եռամսյակային պարբերականությամբ։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակներում վաղաժամկետ ավարտել ենք պարտատոմսերի 2-րդ (AMHEZBB25ER9) տրանշի տեղաբաշխումը և սկսել Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման գործընթացը: Ընդհանուր առմամբ, բանկը, բացի այս թողարկումից, արդեն տեղաբաշխել է 4 միլիոն ԱՄՆ դոլար և 100 միլիոն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր, որոնք ցուցակված են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունեն մարքեթ մեյքեր», - ասել է Հայէկոնոմբանկի վարչության նախագահ Արամ Խաչատրյանը։

Հայէկոնոմբանկն իր 50 մասնաճյուղերի և Գլխամասային գրասենյակի միջոցով մատուցում է բանկային ծառայություններ ՀՀ և ԼՂՀ տարածքում և, որպես Հայաստանի Հանրապետության պետական բանկերից առաջինը, որ վերակազմավորվել է բաժնետիրական բանկի և գրանցվել ՀՀ Կենտրոնական բանկում (1991թ. օգոստոսի 26-ին), միտված է զարգանալ որպես միջազգային չափանիշներով ռիսկերի գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով առաջնորդվող, օրինապաշտ և թափանցիկ կառույց, որն իր գործունեությամբ նպաստում և ապահովում է թե´ ՀՀ բանկային համակարգի կայունությունը, թե´ երկրի տնտեսության զարգացումը:

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև