22.03.2019 14:23
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. 2019թ.-ի մարտի 22-ին ժամը 10:00 տեղի ունեցավ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
«Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է տենդերը և դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից», - հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Հանդիսավոր արարողության ընթացքում Բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքվեց, ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրեցին Հայաստանի ապագա սերունդներին ուղղված ուղերձ: Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Վերջիններս հնարավորություն կստանան բնակարաններ ձեռք բերել առավել ցածր և հարմարավետ տոկոսադրույքներով:
Ծրագրի շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին:
«Բանկն առաջարկում է հետևյալ պայմանները` 10-20% կանխավճար, 10.8% տարեկան տոկոսադրույք, 30 տարի մարման ժամկետ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հիփոթեքային սեկտորի զարգացմանը և գիտակցում դրա ողջ կարևորությունը՝ որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման կարևորագույն գործոններից մեկը :
«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ պատրաստ է տրամադրել վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլև սեղմ ժամկետներում, ինչպես նաև աջակցել ՀՀ երիտասարդ մասնագետների կյանքի զարգացմանը», - հայտնում են բանկից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: