22.03.2019 16:59
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։
Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում:
Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը:
«Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել ենք ՀՀ դրամով և ԱՄն դոլարով ութ թողարկում, ինչը փաստում է Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրության մասին: Պարտատոմսերը խնայողություններն ավելացնելու շահավետ միջոց են», - նշում է Յունիբանկի Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության պետ Մարգարիտա Համբարձումյանը:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: