Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը. Յունիբանկ

10.04.2019 13:25
Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև հունիսի 1-ը. Յունիբանկ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկը ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:  

Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:

Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9  մլրդ դրամի տույժ և տուգանք: 

«Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և ձգտում ենք գտնել խելամիտ լուծումներ, եթե նրանք ունեն պարտավորությունները կատարելու ցանկություն: Հորդորում ենք անհուսալի վարկեր ունեցող մեր հաճախորդներին` և ֆիզիկական, և իրավաբանական անձնաց, մեկ օր առաջ դիմել բանկ և ստանալ նոր, առավել ճկուն ժամանակացույց», – նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման և ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև