23.05.2019 13:48
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Evocabank-ի Խորհրդի՝ մայիսի 23-ի որոշմամբ Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ, հաղորդում է Evocabank-ի մամուլի ծառայությունը:
Կարեն Եղիազարյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ բանկային ոլորտում, որից 16 տարին ներկայիս բանկում: 2008թ.-ից զբաղեցրել է Բանկի Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով Բանկի զարգացման և թվային բիզնեսի ոլորտները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները: 2017թ. ղեկավարել է Evocabank-ի ռեբրենդինգի գործընթացը:
Բանկի սեփականատեր Վազգեն Գևորկյանի խոսքերով՝ Վարչության նախագահի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնող Էմիլ Սողոմոնյանը բաժնետերերի առաջիկա Ընդհանուր ժողովում կընդգրկվի Բանկի Խորհրդի կազմում և կզբաղվի Բանկի ռազմավարական զարգացման խնդիրների համակարգմամբ:
Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Evocabank-ն առաջին և դեռևս միակ բանկն է Հայաստանում, որը գործում է mobile-first` առաջին հերթին մոբայլ ձևաչափով, այսինքն՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի է առնվում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Բանկը ձգտում է լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: