ԶՄՊԿ-ն ավելի քան 50 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր է թողարկում

08.07.2019 16:07
ԶՄՊԿ-ն ավելի քան  50 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր է թողարկում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Ամերիաբանկի աջակցությամբ,  նախաձեռնել է ՀՀ արժեթղթերի հանրային շուկա մուտք գործելու գործընթաց: Այս մասին հայտնում է կոմբինատի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ԶՊՄԿ-ն պատրաստվում է ՀՀ կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել ՀՀ արժեթղթերի շուկայում ոչ ֆինանսական կազմակերպությունների համար աննախադեպ՝ 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալներով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիր:

«Սա հերթական նշանակալի քայլն է՝ ուղղված ԶՊՄԿ-ի հանրայնացմանը, որի շրջանակներում համապատասխան իրավական ակտերով նախատեսված պահանջներից առավել ընդարձակ կերպով բացահայտվելու են ընկերության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, զարգացման հեռանկարային ծրագրերը, երկրաբանական և այլ տվյալներ: Ընդ որում, այդ ճանապարհին ամբողջությամբ կհրապարակվի նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի և շահառուների ցանկը՝ մինչև վերջին ֆիզիկական անձը՝ անկախ նրանց մասնակցության չափից»,- նշվում է հաղորդման մեջ:

Ըստ հաղորդագրության, տվյալ նախաձեռնությունը վկայում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամերիաբանկի հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին, համահունչ է ընկերության որդեգրած թափանցիկության, հրապարակայնության ու հանրային հաշվետվողականության քաղաքականությանը և ուղղված է երկրի տնտեսության, մասնավորապես, արժեթղթերի շուկայի և բորսայական առևտրի զարգացմանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

Ընկերությունը արդյունահանում և վերամշակում է առօրյա օգտագործման  հազարավոր ապրանքների արտադրության համար անհրաժեշտ օգտակար հանածոներ` բավարարելով հասարակության պահանջները: Տարածաշրջանի ամենամեծ բաց հանքում արդյունահանվում է մոլիբդենի և պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են երկու առանձին` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև