Moody's–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի

27.08.2019 20:38
Moody's–ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը В1–ից Ва3, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը երեքշաբթի բարձրացրել է Հայաստանի կառավարության պարտքի չապահովված պարտավորությունների և պարտքի չապահովված գերակա պարտավորությունների երկարաժամկետ էմիտենտի` ազգային արժույթով և արտարժույթով վարկանիշը B1 մակարդակից մինչև Ba3։ Ինչպես նշվում է գործակալության կայքում, կանխատեսումը «Դրականից» փոխվել է «Կայուն»–ի։


«Վարկանիշի բարձրացման որոշումը պայմանավորված է Moody's–ի գնահատականով, որի համաձայն, աճի գործոնների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Պետական ֆինանսների ամրապնդման շարունակական քայլերը նույնպես, հավանաբար, աստիճանաբար կվերականգնեն ֆիսկալային ուժի մի մասը, որը թուլացել էր 2014–17թթ.–ներին»,– ասվում է հաղորդման մեջ։

Մամուլի հաղորդման մեջ նշվում է, որ «Կայուն» կանխատեսումն արտացոլում է հավասարակշռված ռիսկերը։ Մյուս կողմից, բարեփոխումների հավատարմության ուժեղացումը և դրանց մշտական իրագործումը զարգացման գործընկերների աջակցությամբ կարող է ժամանակի ընթացքում բարձրացնել Հայաստանի հեղինակությունը և կառավարության արդյունավետությունը։

Մյուս կողմից, չնայած տնտեսության կայունության աճին և պետական հավասարակշռության ամրապնդմանը, սահմանափակ բուֆերները դեռ շարունակում են Հայաստանի վարկային պրոֆիլը ենթարկել արտաքին շոկերի։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում մեկնաբանել է Moody's–ի այս որոշումը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը»,– գրել է նա։

Կառավարության ղեկավարի խոսքով, Moody's–ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:


Ինչպես նշել է վարչապետը, հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:

«Սա իսկապես կարեւոր իրադարձություն է, որը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ և էականորեն բարելավում մեր երկրի ներդրումային գրավչությունը»,– հավելել է Փաշինյանը։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև