ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը

12.09.2019 19:03
ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամ է թողարկել, հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, թողարկվել է 1000 դրամ անվանական արժեքով 500 հատ հուշադրամ։

Դիմերեսի վրա պատկերված է ՀՀ զինանշանը և ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող առագաստների ու աստղերի պատկերներ:

Դարձերեսի վրա պատկերված է ԵԱՏՄ պատկերանիշը և ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Հոբելյանական 2019 թվականը նշանավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա և եվրասիական ինտեգրման գաղափարի սկզբնավորման 25-ամյա տարեդարձերով:  

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև