ՀՀ ԿԲ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմը

13.09.2019 20:55
ՀՀ ԿԲ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «ՀՀ քրեական դատավարության մասին» և «Բանկային գատնիքի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների կատարմանը, որոնք նախատեսում են բանկային տեղեկատվության բացահայտում։ Ինչպես նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, օրենքով այսօր սահմանափակ է այն սուբյեկտների թիվը, որոնց մասին իրավապահ մարմինները կարող են ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։ Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է հանել սահմանափակումները, սակայն միաժամանակ նախատեսել երաշխիքների և սահմանափակումների կոնկրետ մեխանիզմներ։ 

Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

Ինչպես նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ, նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորև նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.

  1. Բացառապես դատարանի պատճառաբանված և հիմնավորված որոշմամբ,
  2. Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,
  3. Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,
  4. Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղեկալի կողմից հաստատված միջնորդությամբ,
  5. Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: 

«Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել և մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվող կարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։ Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, ինչպես նաև երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում», – նշվում է կարգավորիչի հայտարարության մեջ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև