08.10.2019 17:09
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը հետաքրքրված է մասնակից–երկրներ, այդ թվում` Հայաստանի բանկային համակարգի զարգացմամբ։
«Հույս ունենք, որ մեր մասնակցությունը տեղական բանկի կապիտալում կնպաստի դրա հուսալիության բարձրացմանն ու բանկային համակարգի զարգացմանը», – ասաց ԵԶԲ–ի վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրայնին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում։
Կրայնին նշեց, որ ԵԶԲ–ն հիմա գտնվում է բանակցությունների և այդ գործարքի մանրամասների քննարկման փուլում։ Նա, սակայն, ընդգծեց, որ չի կարող նշել բանկի անունը մինչև բանակցությունների ավարտը։
ԵԶԲ վարչության նախագահի տեղակալը նաև նշեց, որ բանկը հետաքրքրված է նախագծերի ֆինանսավորմամբ համեմատաբար փոքր տնտեսություններ ունեցող մասնակից երկրներում։ Նրա խոսքով, բանկը ստանում է նմանատիպ բազմաթիվ առաջարկ–հայտեր, սակայն, չցանկանալով լինել մրցակից տեղական բանկերի համար, դրանց ֆինանսավորումն իրականացնում է տեղական առևտրային բանկերին վարկային միջոցների տրամադրման միջոցով։
Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ.–ի հունվարին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից` մասնակից պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԵԶԲ–ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: