05.11.2019 21:36
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական և բանկային համակարգում վերջին շրջանում չի գրանցվում կապիտալի արտահոսք, ավելին, ըստ վիճակագրության, նկատվում է արժութային ներդրումների ներհոսք, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը։
«Վճարային հաշվեկշռում կա «սխալներ և բացթողումներ» տող, որտեղ հաշվի են առնվում այն արժութային հոսքերը, որոնք հաշվի չեն առնվել հաշվետվությունների մյուս տողերում։ 2018թ.–ի արդյունքում, այս ցուցանիշը կազմել է մոտ 350 մլն դոլար, իսկ 2019թ.–ի առաջին կիսամյակում արդեն այն կազմել է մոտ 200 մլն դոլար», – ասաց Գրիգորյանը։
Նա նշեց, որ միջոցների նման ներհոսքի աղբյուրներն ուսումնասիրվում են, սակայն նախնական տվյալներով ենթադրվում է, որ սա չհաշվարկված տուրիստական ներուժն է։
Նրա խոսքով, կան գնահատականներ, որ տուրիստների ներհոսքը երկիր եղել է վիճակագրությունում ներկայացված ցուցանիշից ավելի բարձր, ինչի կապակցությամբ ԿԲ–ն աշխատում է տարբեր ծառայությունների հետ, որպեսզի հնարավորինս պարզի իրավիճակն ու վերանայի մեթոդաբանությունն` այդ միջոցները ևս հաշվի առնելու համար։
Որպես ևս մեկ գործոն, որը վկայում է կապիալի ներհոսքի մասին, նա նշեց ԿԲ–ի կողմից գնված արժութային պահուստները, որոնց ծավալը տարեսկզբից համալրվել է 500 մլն դոլարով։
«Երկրում չի կարող լինել կապիտալի արտահոսք, եթե կա արժույթի նման ներհոսք, որը գնել է ԿԲ–ն», – ասաց Գրիգորյանը։
ԿԲ–ի հաշվետվության համաձայն, Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2019թ.–ի սեպտեմբերի դրությամբ կազմել են 2,39 մլրդ դոլար։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: