ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը Երևանում է. այցի նպատակն է գնահատել Երևանի՝ 2021 թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները

08.11.2019 22:00
ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը Երևանում է. այցի նպատակն է գնահատել Երևանի՝ 2021 թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Էնցո Քվատրոչիոկեի ղեկավարած պատվիրակությանը, հաղորդում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:

ՎԶԵԲ գլխավոր քարտուղարը նշել է, որ երկօրյա այցի հիմնական նպատակն է գնահատել Երևանի՝ 2021 թ.-ին ՎԶԵԲ տարեկան ժողովը հյուրընկալելու հնարավորությունները:

Հայաստանի կողմից միջոցառումը հյուրընկալելու մտադրության մասին փոխվարչապետը հայտնել էր դեռևս այս տարվա մայիսին՝ Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո աշխատանքային այցի շրջանակներում ՎԶԵԲ նախագահի հետ տեղի ունեցած զրույցի, ինչպես նաև փոխնախագահների և այլ ղեկավար անձնակազմի հետ հանդիպումների ընթացքում։

ՎԶԵԲ տարեկան ժողովները մի հարկի տակ են հավաքում երկրների պատվիրակությունների, հյուրերի և գործարար համայնքի ներկայացուցիչների՝ քննարկելու կառույցի ինստիտուցիոնալ հարցեր: Տեղի է ունենում նաև գործարար համաժողով և հյուրընկալող երկրին վերաբերող ներդրումային հատուկ նիստ։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողությամբ անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ.-ին և Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019թ.-ին ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստ է և ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու համար:

ՎԶԵԲ–ը Հայաստանի գործող ինստիտուցիոնալ ներդրողներից է, որը 1992թ.–ից ներդրել է 1,36 մլրդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտերում 178 ծրագրեր իրականացման համար, ընդ որում ներդրումների 99%–ը բաժին է հասել մասնավոր հատվածին։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև