Հայաստանում շարունակում է բարձր մնալ ներքին պահանջարկը. ԿԲ

13.11.2019 14:04
Հայաստանում շարունակում է բարձր մնալ ներքին պահանջարկը. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում շարունակում է բարձր մնալ ներքին պահանջարկը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով։ Այս մասին նշվում է 2019 թ. հոկտեմբերի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ արձանագրության մեջ։

«Դրան նպաստել են վերջին տարիներին իրականացված խթանող դրամավարկային քաղաքականությունը և մասամբ՝ նաև ընթացիկ տարում մակրոպրուդենցիալ այլ գործիքներով մեծ ծավալի դրամային իրացվելիության ներարկումը», – նշվում է փաստաթղթում։

Մասնավորապես, երրորդ եռամսյակում ԿԲ-ն փոփոխություն է մտցրել պարտադիր պահուստավորման մեխանիզմում՝ փուլային անցում կատարելով ներգրավված արտարժութային միջոցների դիմաց դրամի փոխարեն արտարժույթով պահուստավորմանը (այս տարի 3 անգամ 2-ական տոկոս փոխելով), որի արդյունքում բանկային համակարգում ազատվել է շուրջ 120.0 մլրդ դրամի իրացվելիություն: Մյուս կողմից, արտարժույթի մեծածավալ առաջարկի պարագայում, շուկայից գնվել է շուրջ 240.0 մլրդ դրամին համարժեք արտարժույթ:

Արձանագրվեց նաև, որ պահպանվում է բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման բարձր աճը, որը հատկապես դրսևորվել է սպառողական և հիփոթեքային վարկերի մասով:

«Նշված ժամանակահատվածում ներքին պահանջարկի վրա ազդեցության տեսանկյունից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է մնալ զսպող՝ չնայած երրորդ եռամսյակում պետբյուջեի թույլ տված որոշակի պակասուրդին», – նշվում է հաղորդագրության մեջ։ ԿԲ–ի տվյալներով, Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2019թ.–ի սեպտեմբերի դրությամբ կազմել են 2,39 մլրդ դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև