IDBank–ը պաշտպանելու է իր իրավունքները բոլոր դատական ատյաններում. բանկին սնանկություն չի սպառնում

18.11.2019 21:50
IDBank–ը պաշտպանելու է իր իրավունքները բոլոր դատական ատյաններում. բանկին սնանկություն չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական IDBank–ը մտադիր է պաշտպանել իր շահերը բոլոր դատական ատյաններում, երկուշաբթի լրագրողներին ասաց բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը` մեկնաբանելով արդեն մի քանի տարի շարունակվող դատավարությունը`  ձեռներեց Գևորգ Աֆանդյանի և «B.M.L Arzni» ՍՊԸ–ի գույքի օտարման գործով։

Հարցի էությունը

Հայտնի գործարար Գևորգ Աֆանդյանը, ով «Սթար» նախկին սուպերմարկետների ցանցի, «Արզնի» հանքային ջրերի գործարանի, «Բյուրակն» ՍՊԸ-ի ու այլ ընկերությունների իրական շահառուն է, բանկից (այդ պահին` Անելիք բանկ, հիմա` IDBank) 7մլն դոլարի վարկ է վերցրել։ Աֆանդյանը որպես գրավ ներկայացրել է «B.M.L Arzni» ՍՊԸ–ի ունեցվածքը, այդ թվում` «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը։ Սակայն, քանի որ փոխառուն չի կատարել վարկային պայմանագրի մասով իր պարտավորությունները, գրավը բռնագանձելու խնդիր է առաջացել։ Նման դեպքերում բանկը, որպես ֆինանսական կառույց, հետաքրքրված չէ ձեռնարկության շահագործման հարցում:

Բանկը 2015թ.–ին համաձայնել է Աֆանդյանին կամ նրա կողմից նշված անձին երկու տարով տրամադրել բացառիկ իրավունք` գնելու անշարժ գույքը` պարտավորվելով վճարել տուգանք` գույքի արժեքի հնգապատիկի չափով, եթե գույքն օտարվի երրորդ անձի։

Մեկ տարի անց` 2016թ.–ին, Բանկը կատարել է իր պարտավորությունները` վաճառելով գործարանը Գևորգ Աֆանդյանի կողմից նշված երրորդ անձին` «Տարմակ» ընկերությանը, որը ստեղծվել է այդ նպատակով և որտեղ Աֆանդյանի որդին առանց որևէ ներդրում կատարելու ստացել է մասնաբաժնային մասնակցություն` 33%–ի չափով։

2017թ.–ին «B.M.L Arzni» ՍՊԸ–ի սնանկության գործով կառավարիչը հայց է ներկայացրել դատարան` մեղադրելով Բանկին վերը նշված համաձայնությունները խախտելու մեջ ու պահանջելով վճարել 22 մլն դոլարի տուգանք։

Ընդ որում շրջանցելով օրենքը (Բանկը գրանցված է Երևանում, այդ իսկ պատճառով գործը պետք է քննվեր Երևանի դատարանում, խմբգր.)` գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը մինչ այդ արդեն քննել էր Աֆանդյանի ընկերությունների սնանկության մասին մի շարք գործեր։

Արդյունքում, դատարանը կայացրել է վճիռ` հօգուտ Աֆանդյանի, այսինքն որոշել է Բանկից բռնագանձել 22 մլն դոլար` չուսումնասիրելով Հայաստանի բանկային համակարգի համար այս աննախադեպ գործի մանրամասները։

Բանկը նշել է, որ վճիռ կայացնելիս դատարանը կատարել է դատավարական 25 կոպիտ սխալ, խախտվել են նաև նյութական իրավունքները, ինչի արդյունքում Բանկը դիմել է Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանը, չեղարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը, այդուհանդերձ , գործն ուղարկել է նոր քննության։ Միաժամանակ վճռի մեջ նշվում է, որ դատարանը չի բացահայտել կողմերի իրական կամքը, քանի որ պարզ չէ, թե նախապատվության ինչ իրավունքի մասին է խոսքը և որն է դրա իրագործման  միջոցն ու կարգը։

2019թ.– ի սեպտեմբերի 20–ին այդ գործով կայացվել է հերթական վճիռը, որն  անտեսել է Վճռաբեկ դատարանի հրահանգը։ Այն, ինչպես նշում են Բանկից, պարունակում է ընթացակարգային բնույթի, ինչպես նաև նյութական իրավունքի նոր խախտումներ, այդ թվում` նորմերի միջոցով, որոնք ենթակա չեն կիրառման նշված դեպքում։

Բանկը կրկին դիմել է Վճռաբեկ դատարան։

Աղմկահարույց և աննախադեպ գործ

Ինչպես նշում է Մհեր Աբրահամյանը, սա Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ իր մասշտաբով և էությամբ աննախադեպ դատական գործընթաց է, որն ունի կարևոր համակարգային նշանակություն։

Աբրահամյանի խոսքով, երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Գևորգ Աֆանդյանն ու նրա հետ փոխկապակցված կազմակերպությունները բազմաթիվ դատական գործընթացների մասնակիցներ են ոչ միայն Անելիք բանկի, այլև այլ բանկերի գործերով։

«Այսօր Աֆանդյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք մասնակցում են դատական գործընթացների  հայկական 8 առևտրային բանկերի հետ (Հայաստանում ընդհանուր առմամբ գործում է 17 բանկ, խմբգր)։ Փաստորեն, նման անբարեխիղճ ձեռներեցների գործունեությունը վտանգի տակ է դնում Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի կայունությունը», – ասաց Աբրահամյանը։

Նա նշեց, որ բոլոր ութ բանկերը դիմում են ներկայացրել վարչապետին և ԿԲ նախագահին, որտեղ նշվում է, որ ձեռներեցի գործողություններում առկա է որոշակի կանխամտածվածություն, որն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի ապակայունացմանը։

 «Մենք դիմել ենք վարչապետին  և ԿԲ նախագահին` հաշվի առնելով գործի կարևորությունը, դրա համակարգային նշանակությունն ու սպառնալիքը, որը մենք դիտարկում ենք երկրի բանկային համակարգի և ներդրումային մթնոլորտի վրա ազդեցության համատեքստում։ Ուզում ենք ուշադրություն գրավել խնդրին, սակայն չենք ակնկալում միջամտություն դատական գործընթացի մեջ, պարզապես խնդրում ենք արագացնել դատական համակարգի բարեփոխումները, որոնք կբացառեն բանկային համակարգի նկատմամբ ոչ օբյեկտիվ և կանխակալ որոշումների ընդունման հնարավորությունը և կստեղծեն հնարավորություն` անաչառ և արդար վճիռ կայացնելու համար», – ասաց Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, որ IDBank–ը 100%–անոց օտարերկրյա կապիտալով բանկ է ու ընդգծեց, որ օտարերկրյա ներդրողների համատեքստում սա լուրջ հարց է ոչ միայն բանկի, այլև երկրի տնտեսության համար։

 «Նման վճիռը կարող է դառնալ նախադեպ, և կստացվի այնպես, որ անբարեխիղճ ձեռներեցները կկարողանան չկատարել իրենց պարտավորությունները բանկի առաջ, դրա փոխարեն կդիմեն դատարան և ֆինանսական մեքենայությունների հաշվին կստանան տասնյակ միլիոնավոր դոլարների փոխհատուցում», – ընդգծեց Աբրահամյանը։

Հետագա քայլերը

IDBank–ի վարչության նախագահը նաև հերքեց Աֆանդյանի հայտարարությունն այն մասին, որ նրա հետ իբր չի քննարկվել նոր ընկերության ստեղծման որոշումը, ըստ այդմ` գործարքն օրինական չէ։

 «Երբ ունեցվածքն անցավ բանկի ենթակայության տակ, մինչ դրա օտարումը  հարցը քննարկվում էր Աֆանդյանի հետ, մենք հայտարարում ենք, որ նա մասնակցել է բանակցություններում, դա ապացուցված է փաստաթղթերի միջոցով, և վերջնական փուլում նա (Աֆանդյանը) համաձայնվել է գույքի օտարման հարցում։ Հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք հրապարակել նամակագրությունը», – ասաց Աբրահամյանը։

Նա նաև զարմացավ, որ դատարանը հաշվի չի առել այդ ամենն ու շատ այլ կարևոր փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Աֆանդյանն անձամբ է բանակցություններ վարել և համաձայնել է գործարք կնքել։

«Մեզ համար անընդունելի է այս վճիռը, և մենք հնարավոր բոլոր օրինական միջոցներով բողոքարկելու ենք, պաշտպանելու ենք մեր բարի համբավն ու մեր հաճախորդների շահերը։ Մենք գիտակցում ենք հարցի կարևորությունը երկրի վարկանիշի և բիզնես–մթնոլորտի համատեքստում և չէինք ցանկանա դրա համար դիմել միջազգային ատյաններ։ Սակայն եթե մենք սպառենք բոլոր ներքին ռեսուրսները և չհասնենք արդար որոշման, ապա չենք բացառում միջազգային դատարան դիմելու հնարավորությունը», – ասաց Աբրահամյանը։

Նա նաև նշեց, որ ԶԼՄ–ներում կան բազմաթիվ հրապարակումներ նախկին պաշտոնյաների հետ Աֆանդյանի կապի մասին։ Նա նաև վստահություն հայտնեց, որ նոր Հայաստանում, անգամ բարձրաստիճան պաշտոնյաների աջակցության դեպքում, անհնար է նման կերպ լուծել հարցը։

Հույս ունենք, որ արդարությունը չունի այլընտրանք այս գործընթացում, և մենք կկարողանանք պաշտպանել մեր իրավունքները», – ասաց Աբրահամյանը։

Բանկին սնանկություն չի սպառնում

Այս դատավարությունն առաջացրել է հանրային մեծ արձագանք, ինչի պատճառով IDBank–ի որոշ հաճախորդներ սկսել են մտահոգվել բանկի ֆինանսական վիճակի կապակցությամբ։

«Ուզում եմ ցրել կասկածները, բանկը կայուն վիճակում է, լիկվիդայնության հետ կապված խնդիր չունի ու ակտիվ և դինամիկ կերպով զարգանում է։ Մենք հաստատել ենք երկարաժամկետ զարգացման ծրագրերը, կան լուրջ ծրագրեր», – ընդգծեց Աբրահամյանը։

Նա նշեց, որ բանկը մտադիր է դառնալ միջազգային, որպեսզի բանկի ծառայություններից կարողանան օգտվել ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև երկրի սահմաններից դուրս գտնվող հաճախորդները։

 «Ուզում եմ վստահեցնել, որ մեր ոչ մի հաճախորդ չի տուժի, քանի որ բանկն ունի բավարար կապիտալ, լիկվիդայնություն, և այս ցուցանիշով մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքերը Հայաստանի բանկային համակարգում», – ասաց Աբրահամյանը։

IDBank–ը ստեծղվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին` որպես «Անելիք բանկ» ՓԲԸ։ 2017թ.–ի մայիսին Անելիք բանկը վերաբրենդավորվել է և վերանվանվել IDBank։ Այսօր բանկն ունի երկու բաժնետեր` FISTOCO LTD` 59,7% և «CreditBank S.A.L.»` 40,3%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև