ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

20.11.2019 13:19
ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./ԱՌԿԱ/.  Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, թողարկել է 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր։ Արժեթղթերն ունեն 10 տարի մարման ժամկետ և 3.95% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ երկու թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային տոկոսադրույքը: 

«Մենք նախաձեռնում ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի գրավիչ ներդրումային գործիքները հասանելի դառնան հայաստանյան ներդրողներին։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկած դոլարային պարտատոմսերը հենց այդպիսի գործիք են։ Լինելով շատ գրավիչ՝ դրանք պետք է հասանելի լինեն ոչ միայն օտարերկրյա, այլ նաև մեր ներդրողներին՝ մեր հարթակի միջոցով»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

«2020-ին կիրականացնենք մի շարք նախաձեռնություններ, որպեսզի ընդլայնենք տարբեր ֆինանսական գործիքների հասանելիությունը հայաստանյան ներդրողների համար»,- հավելել է բորսայի գլխավոր տնօրենը։

«Ողջունում ենք Հայաստանի ֆոնդային բորսայի հրաշալի քայլը եվրապարտատոմսերի գնանշման և եվրապարտատոմսերով գործառնություններ իրականացնելու ուղղությամբ: Սա առաջին հերթին կարևորում ենք հասարակության համար կառավարության պարտքային ևս մեկ գործիք հասանելի դարձնելու առումով»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։

Եվրապարտատոմսերի շրջանառությունը և վերջնահաշվարկն իրականացվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում: Դեպոզիտարիայի գործընկեր Clearstream Banking Luxemburg-ի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։ 

Եվրապարտատոմսերի առաջին ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 2014 թվականին։

Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։

Հայաստանն այսօր իրականացրել է եվրապարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր` տարեկան 6% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ հուլիսի դրությամբ առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հետ է գնել 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով` մինչև 2025թ.–ի մարտի 26–ը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև