20.12.2019 20:34
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական Միությունը (ԵՄ) ընդլայնում են իրենց աջակցությունը Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Ադրբեջանի փոքր ու միջին ձեռնարկություններին, ասվում է ՎԶԵԲ–ի հայտարարության մեջ։
«ՎԶԵԲ–ն ավելի քան 250 մլն եվրոյի վարկային գծեր կտրամադրի տեղական ֆինանսական հաստատություններին` մարզերում բիզնեսի զարգացման համար, որտեղ ՎԶԵԲ–ն ավելի մրցունակ է գործում։ Վարկերը կօգնեն ՓՄՁ–ներին օգտվել հնարավորություններից, որոնք ընձեռում են ազատ առևտրի գոտիները, ինչպես նաև ԵՄ–ի գործընկերության այլ համաձայնագրերը», – նշվում է հայտարարության մեջ։
ԵՄ–ն 67,6մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրում այդ ներդրումներին աջակցելու համար տեխնիկական օգնության միջոցով, որը կավելացնի իրազեկվածությունը շուկայական բարձր ներուժ ունեցող կանաչ տեխնոլոգիաների մասին։
Ակնկալվում է, որ նոր միջոցները հասանելի կլինեն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներում։ EU4Business-EBRD վարկային գիծն արդեն հասանելի է Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, որոնք արդեն ստորագրել են ԵՄ–ի հետ Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագիրը։
2016թ.–ից EU4Business-EBRD–ի վարկային գիծն աջակցել է ավելի քան 250 ձեռնարկությունների` արտադրական կահույքից և ագրոբիզնեսից միմնչև տուրօպերատորներ և տնտեսության տարբեր հատվածներում գործող ձեռնարկություններ։
«Սա առանցքային նախագիծ է ՎԶԵԲ–ի և տարածաշրջանում մեր գլխավոր գործընկերոջ` ԵՄ–ի համար։ Մենք աշխատում ենք միասին` մարդկանց կյանքը բարելավելու և կայուն ու ինտեգրված տնտեսություն կառուցելու համար», – նշել է ՎԶԵԲ–ի` քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Պիեր Հայլբրոնը։ ՎԶԵԲ–ն առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Ադրբեջանում։ ՎԶԵԲ–ն այս պահին ներդրել է մոտ 27 մլրդ եվրո 6 երկրների ավելի քան 1,2 հազար նախագծերում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: