25.12.2019 14:34
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՀ Գործադիր խորհուրդը դեկտեմբերի 20–ին ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ,
որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին։
«Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը
մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի
հետ կապված խնդիրներ չառաջանան», – նշվում
է հաղորդագրության մեջ։
Գործադիր խորհրդի քննարկումից հետո ԱՄՀ Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
- • Հայաստանի տնտեսական կատարողականն ուժեղ է առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով՝ արտաքին պահուստների աճի և ավելի բարձր եկամուտների պայմաններում
- Չնայած բյուջեի գերակատարմանը՝ բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումն ամրապնդելու, այդ թվում` գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար
- Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը, կամրապնդեն կայուն և ներառական աճը
Պահուստային վարկավորման համաձայնագրերը (Stand-by Arrangements) նախատեսում են, որ երկիրը երաշխիք է ստանում այն մասին, որ կկարողանա ցանկացած պահի` համաձայնագրի ժամկետի գործողության ընթացքում, համաձայնագրի պայմանների պահպանման դեպքում, ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև այն գումարի սահմանաչափը, որի մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով տրամադրվող միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման քանակը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկային գումարը վերադարձվում է հիմնադրամ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: