Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն

11.02.2020 20:43
Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, Անանյանն ունի աշխատանքային մեծ փորձ ֆինանսաբանկային ոլորտում։

Անանյանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Աշոտ Օսիպյանը, ով ազատվել է պաշտոնից 2019թ.–ի նոյեմբերի 1–ին` սեփական դիմումի համաձայն։ Օսիպյանն աշխատանքի է անցել միջազգային ֆինանսական կառույցում։

Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին Երևանում։ 1985-1992 թթ. սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008 թթ.՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։

1991-ի օգոստոսից մինչև 1992-ի հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։ 1992-1994 թթ. աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։ 1994-1995 թթ. եղել է «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրենը։

1995-1996 թթ. եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։

1996-1997թթ. զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998 թթ.՝ նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999 թթ․ եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։

Անանյանը 1999-2000 թթ. աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։ 2002-ի ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002-ի օգոստոսից 2003-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։

2003-ին հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ-ն։

2005-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։  2005-2006 թթ. եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։

Անանյանը 2006-2013 թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։

2013-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

2015-2017 թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։ 2017-2019 թթ. եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։

2019-ի հուլիսի 19-ից Արարատբանկի խորհրդի անդամ է։

2019-ի նոյեմբերից 2020-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։  

2020-ի փետրվարի 10-ին Արարատբանկի բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է խորհրդի անդամի նրա պարտականությունները և խորհրդի որոշմամբ նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։

Մհեր Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։ Ամուսնացած է, ունի չորս դուստր։

Արարատբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, տրամադրում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց` ունենալով բարձրակարգ տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես միջավայր բանկ–հաճախորդ հարաբերություններում։ Արարատբանկն ունի 61 մասնաճյուղ ողջ հանրապետությունում։ Լինելով դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցն ու տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակն` Արարատբանկը Հայաստանի տնտեսության իրական հատվածի, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտի ակտիվ մասնակից է։ Բանկը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև