IDBank-ի 5մլն․ ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

19.02.2020 16:37
IDBank-ի 5մլն․ ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

 ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայստանի ֆոնդային բորսայում հայտարարվել է IDBank- ի 2-րդ տրանշի 2-րդ տրանշի դոլարային պարտատոմսերի գնանշումը: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այդպիսով երկրորդային շուկայում այս պահին շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

«IDBank-ը շարունակում է ակտիվ դիրքեր զբաղեցնել պարտատոմսերի շուկայում և հաճախորդներին առաջարկել եկամտաբեր ներդրումների հնարավորություն։ Բանկի պարտատոմսերն ունեն բարձր պահանջարկ և սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ։ 2019 թվականին թողարկված դրամային պարտատոմսերն, օրինակ, սպառվեցին թողարկումից ընդամենը մի քանի օր անց, ինչն, իհարկե, խոսում է IDBank-ի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։ Եթե հաշվի առնենք օրենսդրական նոր փոփոխությունները, որոնց արդյունքում պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման, ապա պարտատոմսերն էլ ավելի գրավիչ են դառնում, և վստահ եմ, որ մեր հետագա թողարկումներն ավելի մեծ պահանջարկ են ունենալու»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

«Պարտատոմսեր ցուցակելը և պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելը դարձել է էլ ավելի գրավիչ ու շահավետ՝ կապիտալի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շնորհիվ։ Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն, այդ թվում՝ բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարները եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատելը, և այս տարի բորսայում նոր առևտրային համակարգի ներդնումը, ինչը ֆիզիկական անձանց կտա առցանց հասանելիություն դեպի բորսա, ստեղծում են զարգացման նոր հեռանկարներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար», - ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյան։ 

Հայաստանի ֆոնդային բորսան համագործակցում է IDBank-ի հետ 2009 թվականից: Վերջինս նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD  ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը`  40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ  առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև