Հայաստանում թողարկվել են Խրիմյան Հայրիկին և Ժանսեմին նվիրված հուշադրամներ

05.03.2020 14:57
Հայաստանում թողարկվել են Խրիմյան Հայրիկին և Ժանսեմին նվիրված հուշադրամներ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը թողարկել է 3 հուշադրամներ՝ նվիրված Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի 200-ամյակին և ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյանի) 100ա-մյակին:

Խրիմյան Հայրիկ-200

Կաթողիկոս Խրիմյան Հայրիկին նվիրված արծաթե հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում՝ 500 տպաքանակով: Հուշադրամի անվանական արժեքն է 1000 դրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված (գործ` Արեգ Իսրայելյանի), Խրիմյան Հայրիկի պատգամը և ստորագրությունը: Դարձերեսին Խրիմյան Հայրիկի դիմապատկերն է: Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան (Խրիմյան Հայրիկ, 1820-1907 թթ.) հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ է, Ամենայն հայոց կաթողիկոս 1893 թ-ից:

 Սովորել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Լիմ և Կտուց անապատների դպրոցներում: Հիմնադրել է «Արծվի Վասպուրական» (1855 թ.) և «Արծվիկ Տարոնո» (1863 թ.) հայկական պարբերականները, Վարագավանքին և Մշո Սբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանները: 1854 թ. ձեռնադրվել է վարդապետ, իսկ 1868 թ.` օծվել եպիսկոպոս: Հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու նպատակով դիմել  է եվրոպական մի շարք երկրների իշխանությունների: 1878 թ. գլխավորել է հայկական պատվիրակությունը Բեռլինի վեհաժողովում: Աջակցել է Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար աքսորվել է Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոս օծվելուց հետո շարունակել է ազգային-ազատագրական գործունեությունը:

Հեղինակ է կրոնափիլիսոփայական, բարոյախոսական, չափածո ու այլ գրքերի, որոնցում արտահայտել է ժողովրդի հույզերն ու տառապանքը:

Ժանսեմ-100

Ժանսեմին նվիրված արծաթե հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում՝ 100 հատ տպաքանակով: Անվանական արժեքն է 500 դրամ:  Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված նկարչի «Կակաչներ» (1982 թ.) կտավից:

Դարձերեսին` Ժանսեմի դիմանկարը և հատված նկարչի «Դեղին հագուստով կինը» (1968 թ.) կտավից: Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013 թթ․) ֆրանսահայ նկարիչ է, ՀՀ ԳԱԱ արտասահմանցի անդամ:

1922 թ. Թուրքիայից ընտանիքով գաղթել է Սալոնիկ, այնուհետև` Փարիզ: Սովորել է Մոնպառնասի ազատ ակադեմիայում, 1939 թ. ավարտել Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը:

Հեղինակ է ազգային թեմաներ շոշափող բազում կտավների, նկարաշարերի և դիմանկարների: Ժանսեմի ինքնատիպ արվեստը իրապաշտական է` տոգորված խոր մարդասիրությամբ: Լուսային հնչեղ երանգներն ու արտահայտիչ գծանկարը ներազդու են դարձնում մարդկանց դեմքերն ու շարժումները, պատկերի ողջ մթնոլորտը:

Ժանսեմն արժանացել է մի շարք միջազգային և պետական մրցանակների, այդ թվում` ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի (2002 թ․), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (2003 թ․), ՀՀ Պատվո շքանշանի (2010 թ․):

Ժանսեմի աշխատանքները ցուցադրվում են աշխարհի շատ երկրներում: Բազմաթիվ նկարներ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է «Ցեղասպանություն» (1998-2001 թթ.) նկարաշարը:

Ժանսեմ-100

Ֆրանսահայ նկարիչ Ժանսեմին նվիրված երկրորդ հուշադրամը ոսկուց է: Դիմերեսին զետեղվել է դրվագ նկարչի «Դիմակներով կինը» (1978 թ.) կտավից: Իսկ դարձերեսին` Ժանսեմի դիմապատկերը: Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում` 300 տպաքանակով, իսկ անվանական արժեքն է 10 000 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև