12.03.2020 15:45
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./ԱՌԿԱ/. Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մեկնաբանել է ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությունը հայական արտադրողների և արտահանողների վրա:
«Լավ է, որ անհանգստություն առաջացնող առաջին ազդանշանները, որոնք եղել են երեկ չէ առաջին օրը, շարունակություն չունեցան. ռուբլին սկզբում աճեց՝ հասնելով 75-ի (դոլարի համեմատ), հետո սկսեց վերադառնալ ավելի չափավոր միջակայքի: ՌԴ-ում համապատասխան մարմինները նաև հայտնել են, որ իրենց մոտակա քաղաքականության շրջանակում նրանք կպահպանեն որոշակի վերահսկելիություն՝ կարճաժամկետ ցնցումները կանխելու նպատակով»,- ասել է Խաչատրյանը հինգշաբթի լրագրողների հետ զրույցում:
Խաչատրյանի խոսքով, սա հույս է ներշնչում, որ հայկական արտադրողներն ու արտահանողները կարճաժամկետ հեռանկարով «կարող են հանգիստ լինել» և անսպասելի վնասներ չեն կրի, որոնք կարող էին առաջանալ կտրուկ փոփոխությունների հետևանքով:
«Սրանք նախնական գնահատականներն են, մենք դեռևս պետք է հասկանանք այս զարգացումների հեռանկարները, բայց որպես առաջին ազդակ, կարծում եմ, որ սա լավ ազդակ է մեր արտադրողների և արտահանողների համար»,- եզրափակել է նախարարը:
Օրերս ռուսական ռուբլը, ամերիկյան և եվրոպական արժույթների համեմատ, կտրուկ արժեզրկվել էր՝ նավթի գների կտրուկ անկման ֆոնի վրա, որը հաջորդել էր Վիեննայում՝ նավթի արդյունահանման կրճատման շուրջ բանակցությունների ձախողմանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: