Բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները. վարչապետ

14.03.2020 18:32
Բանկերը կվերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան ուղիղ եթերում, խոսելով բանկերի հետ կապված թեմայի մասին, նշել է, որ մեկ շաբաթ առաջ ԿԲ-ն համատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները:

«Խոսքը վերաբերում է զբոսարշրջային և ծառայությունների մատուցման ոլորտի, ինչպես օրինակ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող հաճախորդներին, որոնց վրա կորոնավիրուսի պատճառով հաճախորդների քանակի նվազման հետևանքները կարող են բացասական լինել: Բոլոր հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդիրների առաջ»,- նշել է վարչապետը:

Նա հայտնել է, որ բանկերը անհատական մոտեցմամբ, քննարկելով հաճախորդների հետ կերկարացնեն վարկերի ժամկետները, կվերանայվեն մարման գրաֆիկները, կվերանայվեն տոկոսադրույքները, կփոխվեն արժույթը կամ կիրականացվեն նշված միջոցառումների համախումբ: 

«Նշված փոփոխությունների արդյունքում նախ չի վատանա նշված հաճախորդների վարկային պատմությունը, ինչպես նաև վերջիններս կունենան անհրաժեշտ ռեսուրսներ հնարավոր ժամանակավոր խնդիրները հաղթահարելու նպատակով»,- հայտնել է Փաշինյանը:

Եզրափակելով թեման՝ Փաշինյանը նշել է, որ բանկերը իրենց հաճախորդների հետ կաշխատեն և ամեն հաճախորդի հանդեպ անհատական մոտեցում կցուցաբերվի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև