ՀՀ վարկային կազմակերպությունները անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին. ԿԲ

17.03.2020 16:01
ՀՀ վարկային կազմակերպությունները անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունները անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին: Այս մասին նշվում է ԿԲ-ի Facebook-յան էջում:

«ՀՀ վարկային կազմակերպությունների միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ Վարկային կազմակերպությունները ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- նշվում է հայտարարության մեջ:

​Մասնավորապես` հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև նման իրավաբանական անձանց աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել իրենց սպասարկող Վարկային կազմակերպության պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում ստանալու համար:

«Հորդորում ենք հնարավորինս շատ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ֆիզիկական անձ, անհատ ձեռներեց հաճախորդների նկատմամբ Վարկային կազմակերպությունների կողմից կցուցաբերվեն անհատական մոտեցումներ։ Առանձին դեպքերում, ելնելով Վարկային կազմակերպությունների քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների հետաձգում Վարկային կազմակերպությունների կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում նշված անձինք չեն համարվելու ժամկետանց, դրանց գծով չեն հաշվարկվելու տույժեր և տուգանքներ, ինչպես նաև չի վատանալու նշված հաճախորդների վարկային պատմությունը: Հնարավոր է նաև ժամկետների երկարացում վարկային բեռի չավելացման նպատակով:

«Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն»,- հայտնել են ԿԲ-ից:

Խնդիրներ ունենալու դեպքում, հավելյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697, կամ ՀՀ վարկային կազմակերպությունների միություն՝ 010 526694:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև