Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն դոլարի վարկային պայմանագիր

26.03.2020 12:44
Արդշինբանկը և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն դոլարի վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի./ԱՌԿԱ/. Արդշինբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (ՍԱԶԲ) ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով թվով 5-րդ վարկային ռեսուրսը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու համար: Այս գործարքը վկայում է երկու բանկերի սերտ համագործակցության և ՓՄՁ ոլորտի աջակցության միասնական նպատակի մասին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մենք բարձր ենք գնահատում ՍԱԶԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը: Ներկայումս, երբ բիզնեսները, հատկապես փոքր և միջին, բախվել են տնտեսական խնդիրների, հայկական ձեռնարկությունների համար ֆինանսավորման այս հնարավորությունը շատ ավելի կենսական է, քան երբևէ: Մենք պատրաստ ենք աջակցել ՓՄՁ-ներին` արագ լուծելու այն խնդիրները, որոնք սրվում են ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում», - նշեց Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը:

Բանկի հաղորդագրության համաձայն, վարկային միջոցները տրամադրվել են 5 տարի ժամկետով, որը հնարավորություն կընձեռի Արդշինբանկին իրականացնելու միջնաժամկետ վարկավորում` փոքր և միջին ձեռնարկությունների հիմնական և շրջանառու միջոցների համալրման կարիքները ֆինանսավորելու համար: 

«Այս դժվարին ժամանակներում, ՍԱԶԲ-ը միանում է մեր անդամ պետությունների ջանքերին՝ ուղղված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը և մարդկային կյանքերի, հասարակությունների ու տնտեսական գործունեության վրա դրա ազդեցությանը: Հաշվի առնելով ռիսկի և իրացվելիության շուկայավարման ընկալումների ներկա կրիտիկական պայմանները և փոփոխությունները` Բանկը շարունակում է լինել ընկերությունների, ՓՄՁ-ների առավել խոցելի հատվածի կողքին և ցուցաբերել աջակցություն, որն անհրաժեշտ է մեր անդամ երկրներին և բիզնեսին», - ասաց ՍԱԶԲ-ի նախագահ Դմիտրի Պանկինը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական կառույց է ստեղծված խթանելու անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` մասնավոր և պետական հատվածի առևտրի և ծրագրերի ֆինանսավորման՝ վարկերի, երաշխիքների տրամադրման և բաժնեմասնակցությունների ձեռքբերման միջոցով: Բանկը ՍԱԶԲ-ի կողմից առ այսօր ներգրավել է ընդհանուր 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ՝ ուղղված ՓՄՁ վարկավորման ծրագրերի իրականացմանը:

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է մասնաճյուղային լայն ցանցով: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման մասնաբաժինը 15% է, կորպորատիվ վարկերինը՝ 46%, միկրո և մանրածախ վարկերինը՝ 39%: Բանկը դեռևս Հայաստանում առաջին և միակ մասնավոր կառույցն է, որը թողարկել է եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: 2020 թվականի տարեսկզբին եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև