Կառավարությունը դիտարկում է պետական պարտքի ավելացման սցենարներ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. փոխվարչապետ

09.04.2020 15:28
Կառավարությունը դիտարկում է պետական պարտքի ավելացման սցենարներ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության օրակարգում դրված է պետական պարտքն ավելացնելու հարցը, այնումենայնիվ, հարցի դիտարկումը հնարավոր է միայն անհրաժեշտության դեպքում: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ:

«Իհարկե, կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել դրանց պահի և չափի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություններ»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի առաջիկա անելիքներն ավելի ճշգրտված հնարավոր լինի հրապարակել։

«Այսօրվա իրավիճակից ելնելով, կարծում եմ, դեռ վաղ է թվային գնահատականներ տալը։ Դրա մասին մտածել պետք է, բայց որոշումներ կայացնել և թվեր հնչեցնելը դեռ վաղ է»,- նշել է Գրիգորյանը:  

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառան պետական պարտքը 2019թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 7 324.167 մլն դոլար` ամսվա ընթացքում մեծանալով 158.091 մլն դոլարով: ԱՎԿ–ի տվյալներով, հանրապետության արտաքին պետական պարտքը 2019թ.–ի դեկտեմբերի վերջին կազմել 5 789.729 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 163.477 մլն. դոլարով։

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 9-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 921 հաստատված դեպք։   Բուժվել է 138 մարդ, փաստացի բուժվողների թիվը՝ 773:  10 մարդ, ցավոք, մահացել է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև