HSBC Հայաստանը 15 մլն դրամ կտրամադրի կորոնավիրուսային համավարակի բռնկման բացասական հետևանքները մեղմելու նպատակով

14.04.2020 17:59
HSBC Հայաստանը 15 մլն դրամ կտրամադրի կորոնավիրուսային համավարակի բռնկման բացասական հետևանքները մեղմելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) 15 միլիոն ՀՀ դրամ կտրամադրի երկրում  կորոնավիրուսային համավարակի բռնկման բացասական հետևանքները մեղմելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Գումարը կնվիրաբերվի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, կձեռնարկի անհապաղ, ինչպես նաև միջնաժամկետ ու երկարաժամկետ միջոցառումներ՝ դրանք հնարավորինս բավարարելու ուղղությամբ:

«1996 թ.-ին Հայաստանում իր գործունեությունը մեկնարկելուց ի վեր` HSBC Հայաստանը մշտապես սատարել է երկրում ամենախոցելի խմբերին: Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում ևս մեր նվիրատվությունը կօգտագործվի կորոնավիրուսային համավարակի բռնկման հետևանքներից առավել շատ տուժած խմբերի կարիքները հոգալու և դժվարությունները մեղմելու համար: Այս նպատակով մենք համագործակցում ենք մեր երկարաժամկետ գործընկերոջ՝  Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, որը համարվում է Հայաստանում և աշխարհում աղետների արձագանքման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գումարը տրամադրվել է HSBC-ի` 25 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ Աղետների արձագանքման հիմնադրամի շրջանակում, որի նպատակն է աջակցել այս իրավիճակով պայմանավորված միջազգային առողջապահական գործողություններին, պաշտպանել խոցելի խմբերին և նպաստել սննդամթերքի ապահովմանը ողջ աշխարհում: 

Ընդհանուր գումարից 15 միլիոն ԱՄՆ դոլարն արդեն իսկ ուղղվել է տարբեր երկրներում անհապաղ կարիքների բավարարմանը, իսկ մնացած 10 միլիոն ԱՄՆ դոլարն առանձնացվել է կորոնավիրուսային համավարակի երկարաժամկետ հետևանքների հաղթահարման համար:  

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ.- ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2,715 միլիարդ ԱՄՆ դոլար:

 «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2019թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 270 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև