Ucom–ն ընդդեմ Ucom–ի. ռեյդերական զավթու՞մ, շանտա՞ժ, թե՞ ունեցվածքի վերաբաժանում

17.04.2020 15:58
Ucom–ն ընդդեմ Ucom–ի. ռեյդերական զավթու՞մ, շանտա՞ժ, թե՞ ունեցվածքի վերաբաժանում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայկական տեղեկատվական դաշտն արդեն մի քանի օր է` ցնցված է Ucom հեռահաղորդակցական օպերատորի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի պատճառով։ Դեռ 2–3 ամիս առաջ ամեն ինչ հանդարտ էր, ընկերությունն էլ պատրաստվում էր տարվա գործարքին` Հայաստանում Beeline–ը գնելուն։ Բայց պարզվեց` ամեն ինչ շատ ավելի բարդ է։ ARKA-Telecom պորտալը փորձել է պարզել ստեղծված բարդ իրավիճակը։ 

Ucom–ի պատմությունը

Սկզբում մի փոքր խոսենք ընկերության պատմության մասին, որը սկիզբ է առել երկար տարիներ առաջ, երբ երիտասարդ և հավակնոտ գործարարներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները որոշեցին բիզնես հիմնել։

1999թ-ին Եսայանները հիմնեցին IP հեռախոսակապի ծառայությունների տրամադրման ստարտափ, որը վերաճեց`դառնալով Ucom անվանումով ոչ մեծ ընկերություն։

Սկսելով ինտերնետային շուկայից` ընկերությունն աստիճանաբար ընդլայնվեց և ներգրավեց նոր ոլորտներ` սկզբում հեռախոսային ծառայությունների, հետո բջջային կապի շուկան, ինչից հետո կամաց–կամաց ընդլայնվելով և վերափոխվելով` Ucom–ը դարձավ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորներից մեկը։ Հասկանալի է, որ այս ամենը տեղի չէր ունենա միայն երիտասարդ մասնագետների էնտուզիազմի շնորհիվ։ Անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, որոնք եղբայրները ներգրավեցին` բաժնետոմսերի մոտ 94%–ը վաճառելով այն ժամանակ ՊԵԿ նախագահի և Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Խաչատրյանին և որդիներին (մոտ 78%), ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ ձեռներեց, «Տաշիր գրուպ»–ի ղեկավար Սամվել Կարապետյանին (մոտ 16%)։

Գործարքի արդյունքում եղբայրների մասնաբաժինը նրանց իսկ հիմնած ընկերությունում կազմեց մոտ 6%։ Ընդ որում, ներդրողները փորձում էին չմիջամտել եղբայրների կողմից իրականացվող քաղաքականությանը` թողնելով կառավարումը նրանց։ Ավելին, մոտ 5 տարի առաջ Ucom ընկերությունը կատարեց Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի խոշորագույն գործարքը` գնելով Orange Armenia–ի բաժնետոմսերի 100%–ը, որը France Telecom ֆրանսիական օպերատորի հայկական դուստրն էր։

Beeline–ի գնման գործընթացը

Բաժնետերերի միջև տարաձայնություններ սկսվեցին, երբ Ucom–ը հայտարարեց, որ մտադիր է գնել Հայաստանում գործող Beeline–ը և սկսեց պատրաստվել գործարքին։ Մինչև գործն ուսումնասիրվում էր տարբեր ատյաններում (իսկ հայտն անցնում է համաձայնեցման փուլեր տեղական կարգավորիչ կառույցներում) սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Beeline–ը գնելուց հետո Եսայան եղբայրներին կարող են հեռացնել ընկերության կառավարումից։ Սկսեցին խոսել, որ բաժնետերերը պատրաստվում են Ucom/Beeline–ի գլխավոր տնօրենի պաշտոնին հրավիրել Հայաստանում Beeline–ի գործող գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, ով առանձնանում է իր բարձր պրոֆեսիոնալիզմով, լավ հաղորդակցական հմտություններով և ունի այս ոլորտում աշխատանքի բավականին մեծ փորձ։ Թեկնածուն, կարծես, ընդունելի է, սակայն ընդհանրապես չի գոհացնում Եսայան եղբայրներին և աշխատակիցների մի մասին, քանի որ, նրանց կարծիքով, Պյատախինն անպայման իր հետ կբերի իր մասնագետներին։

Անգամ լուրեր էին շրջանառվում, որ Պյատախինին առաջարկել են զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ նա դրա փոխարեն տրամադրել էցորոշ կոմերցիոն տեղեկատվություն։ Սակայն ինքը` Պյատախինը և նրա մամուլի ծառայությունը հերքեցին այդ լուրերը` հայտարարելով, որ որևէ տեղեկատվություն, բացառությամբ այն տեղեկությունների, որոնք անհրաժեշտ են գործարի մասին կարգավորիչի որոշման համար, չի տրամադրվել։ Ավելին, Պյատախինը մնում է իր պաշտոնում Beeline–ում և չի պատրաստվում հեռանալ։ Այս ամբողջ իրավիճակն ի վերջո հանգեցրեց նրան, որ Հայկ Եսայանը հրաժարական տվեց Ucom–ի գլխավոր տնօրենի պաշտոնից, և նրա հետ միասին աշխատանքից ազատման դիմում գրեց, որոշ տվյալներով, ավելի քան 800 մարդ (Ucom–ն ընդհանուր առմամբ ունի 1800 աշխատակից)։

Եսայանների առաջարկը

Հայկ Եսայանն անձամբ պարզաբանեց ստեղծված իրավիճակը։ Նա պատմեց, որ սկանդալային հրաժարականից առաջ նրանք առաջարկել են մյուս բաժնետերերին գնել նրանց բաժնեմասերը (բաժնետոմսերի 94,06%–ը)։ Եսայանի խոսքով, բաժնետերերն անգամ համաձայնվել էին վաճառել իրենց փաթեթը 22,1 մլրդ դրամով (մոտ 45 մլն դոլար)։ Սակայն երբ Եսայանները տեղեկացրել են, որ պատրաստ են վճարել այդ գումարը, բաժնետերերը մտափոխվել են և հրաժարվել գործարքից։

Միաժամանակ Եսայանը նշեց, որ մտադիր էր ընկերությունը դարձնել ԲԲԸ` արտոնյալ պայմաններով աշխատակիցներին տրամադրելով բաժնետոմսերի 20%–ը։ Սակայն նա չկարողացավ իր տեսլականն ու ընկերության զարգացման ռազմավարությունը հասցնել հիմնական բաժնետերերին և գրեց աշխատանքից ազատման դիմում։

Միաժամանակ եղբայրները մտադիր չեն վաճառել իրենց մասնաբաժինը։ Ավելին, նրանք բարձրացրեցին գներն ու հայտարարեցին, որ պատրաստ են վճարել հնարավոր առավելագույն գինը` հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները: Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ (մոտ 70 մլն դոլար) բաժնետոմսերի 94,06%–ի համար։

Բաժնետերերը չեն ցանկանում այրել կամուրջները

Հիմնական բաժնետերերից դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել։ Սակայն որոշ աղբյուրներ նշում են, որ Խաչատրյանների ընտանիքը դեմ չէ Եսայան եղբայրներին վաճառել իր մասնաբաժինը։ Աղբյուրները նշում են, որ հնարավոր է` խնդիրը գնի և Սամվել Կարապետյանի մեջ է, ով դեռ որևէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը։ Միաժամանակ Galaxy Group ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Ucom–ում տիրող իրավիճակը կայուն է։ Նշենք, որ Galaxy Group–ը փաստացի Ucom–ի բաժնետոմսերի խոշորագույն սեփականատերն է (պատկանում է Գ. Խաչատրյանի ընտանիքին)։

Ավելին Galaxy Group–ից նշել են, որ չեն փորձել «այրել կամուրջները կամ տեղեկատվություն փոխանցել»` հասարակական կարծիքը կամ բանակցությունների ընթացքում աշխատակիցների ազատման սպառնալիքը մանիպուլյացիայի չենթարկելու համար, բայց նրանք ամբողջությամբ վերահսկում են իրավիճակն ու նախաձեռնել են կոնֆլիկտի կարգավորման գործընթաց։

Galaxy Group–ի սեփականատերերը նաև հույս են հայտնել, որ կշարունակեն համագործակցել Հայկ Եսայանի հետ, ում փորձն անհրաժեշտ կլինի ընկերության կառավարման խորհրդին։ Նրանք նաև հայտարարել են, որ իրենց համար թանկ են բոլոր աշխատակիցներն ու հիշեցրել են, որ լինելով ընկերության սեփականատերեր` իրականացրել են լայնամասշտաբ ներդրումներ, և 12 տարում չեն ստացել ոչ մի դիվիդենտ։

Galaxy Group–ի խոսքերը միանգամից շտապեցին հերքել Ucom–ի ներկայիս կառավարիչները` նշելով, որ հայտարարությունը չի համապատասխան իրականությանը, Galaxy Group–ը չի վերահսկում իրավիճակը, իսկ նման մարմին (կառավարման խորհուրդ) ընկերության կառուցվածքում ընդհանրապես գոյություն չունի։

Թարմացված Ucom

Ոլորտի մի շարք փորձագետների գնահատականներով, որոնց հետ զրուցել է ARKA-Telecom պորտալի թղթակիցը, հաշվի առնելով Եսայան եղբայրների ակտիվությունն ու զրոյից բիզնես կառուցելու ունակությունը, ինչպես նաև հզոր թիմը, որը պատրաստ է գնալ նրանց հետ` եղբայրների համար շատ հեշտ կլինի ստեղծել նոր ընկերություն։ Հատկապես եթե հաշվի առնենք Եսայանի հայտարարությունն այն մասին, որ նա առաջնորդվում է ճիշտ ռազմավարությամբ և ունի ապագայի ճիշտ տեսլական։

Ինչպես նշում են վերլուծաբանները, եղբայրները հեշտությամբ կստանան անհրաժեշտ լիցենզիան և կսկսեն իրենց գործը, ավելին, որ ունեն բավականին հարուստ փորձ։ Եղբայրներն իրենց հերթին նշում են, որ ապագայում տեսնում են գերհզոր ընկերություն, որը հեռահաղորդակցական ծառայություններից կվերափոխվի` դառնալով ավելի լայն ծառայություններ մատուցող ընկերություն (բացի ինտերնետային և շարժական կապից, ամպային սերվիսներից և այլն)։

Շանտաժ կամ ռեյդերական զավթում

Բազմաթիվ փորձագետներ, որոնց ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալը դիմել է մեկնաբանություն ստանալու համար, համաձայնվեցին խոսել այս թեմայով միայն անանուն լինելու պայմանով, որպեսզի, ինչպես իրենք են նշում, չփչացնեն հարաբերությունները կոնֆլիկտի կողմերից ոչ մեկի հետ։

Արդյունքում մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ եղբայրների գործողությունները շանտաժ են, սեփական դիրքորոշումն առաջ տանելու փորձ` աշխատակազմի աշխատանքից ազատման սպառնալիքի ներքո, ինչի հետևանքով ձախողվում է ընկերության աշխատանքը։

«Եսայան եղբայրները փորձում են պայմաններ թելադրել` ունենալով բաժնետոմսերի չնչին մաս, օգտագործելով զանգվածային հրաժարականները, շանտաժի ենթարկելով մնացած բաժնետերերին, ակնարկելով, որ այդ կերպ կարող են կաթվածահար անել ընկերության աշխատանքը», – հայտարարեց ոլորտի փորձագետներից մեկը` նշելով, որ նրանք դժվար թե կարողանան հասնել հաջողության։

UATE–ի տնօրեն Կարեն Վարդանյանն (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, որի նախագահն այս պահին Ալեքսանդր Եսայանն է) իր հերթին կարծում է, որ ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը հիշեցնում է ռեյդերական զավթում։

«Մեր օլիգարխները փորձել են կատարել ռեյդերական զավթում Ucom–ի նկատմամբ, այդ պատճառով նրանք բանակցել են Beeline–ի ներկա տնօրենի հետ` Ucom–ը գլխավորելու հնարավորության շուրջ, փորձելով «գցել» Եսայան եղբայրներին։ Սա շատ կարևոր նախադեպ է, քանի որ զավթում է իրականացվել մի ընկերության նկատմամբ, որը չափազանց կարևոր ենթակառուցվածք է երկրի համար։ Փորձ է արվում հայկական շուկայից հեռացնել ազգային միակ օպերատորին», – կարծում է Վարդանյանը։

Նրա խոսքով, հարկավոր է որքան հնարավոր է շուտ շտկել իրավիճակը։ Որպես տարբերակ Վարդանյանն առաջարկում է ազգայնացնել բաժնետերերի բաժնետոմսերի 94%–ն ու ապահովել խոշորագույն հեռահաղորդակցական օպերատորի կայուն աշխատանքը։

Միաժամանակ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության աղբյուրը ARKA-Telecom–ին ասաց, որ իշխանությունները չեն աջակցի նման գաղափարին, քանի որ ընկերությունը մասնավոր է, և պետությունը չի կարող միջամտել նման հարցերում։ Հակառակ դեպքում, դա արդեն կդիտվի որպես ներդրողների վրա ճնշում գործադրելու փորձ։ Այդուհանդերձ, ըստ նախարարության պաշտոնական դիրքորոշման, այս իրավիճակը պետք է օպերատիվորեն լուծվի` հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը։

Մեդալի երկու կողմերը

Ինչպես նշում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, իրավիճակն ունի բազմաթիվ նրբություններ, կան հիմնադիրներ, որոնք հիմնել են ընկերությունը, ամբողջությամբ մշակել են նրա ռազմավարությունը, զարգացումն ու ընդլայնումը։ Մարդիկ, ովքեր առաջին իսկ րոպեից մինչ օրս ինքնուրույն կառուցել են ամեն ինչ, ում մենեջմենթը թույլ է տվել ընկերությունը հասցնել մրցակցային բարձր մակարդակի։

«Կան գաղափարական ոգեշնչողներ և մենեջերներ, ովքեր հասել են հաջողության, սակայն միաժամանակ կան գործընկերներ, որոնք ֆինանսներ են ներդրել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե այդքան մարդ միանգամից հեռանա ընկերությունից, այն կարող է դատապարտվել ձախողման և արդեն անհնար կլինի վերականգնել։ Ներկա պայմաններում դա կնշանակի մեծ կորուստներ, հատկապես հիմա, երբ շատ բան կախված է հաղորդակցությունից, այդ թվում` ՏՏ ոլորտը, էլեկտրոնային կառավարությունը», – նշեց Հակոբյանը։

Նրա կարծիքով, պետությունը ևս պետք է հետաքրքրված լինի, որպեսզի ընկերությունը դուրս գա իրավիճակից առավելագույնս ուժեղ և կայուն։ Փորձագետը հույս հայտնեց, որ իրավիճակը չի հասնի նրան, որ ընկերությունը մասնատվի։

Հարված ազգային օպերատորի նկատմա՞մբ, թե՞ սթրեսակայունության թեստ

Եսայան եղբայրների կողմնակիցների կարծիքով, իրավիճակն առանձնահատուկ է այն հանգամանքով, որ Հայաստանը կարող է զրկվել միակ ազգային օպերատորից (Հայաստանում գործում է կապի ևս երկու օպերատոր` Viva-MTS–ը (ռուսական ՄՏՍ–ի «դուստրը») և Beeline-ը (VEON ընկերությունների խմբի «դուստրը»)։ Շատերը մասնավորապես մտավախություն ունեն, որ Ucom–ի բաժնետերերից մեկը` Սամվել Կարապետյանը, որին պատկանում է ընկերությունների բաժնետոմսերի 16%–ը, Ռուսաստանի քաղաքցաի է,և Beeline–ը գնելու դեպքում Կարապետյանի մասնաբաժինն ընկերությունում կարող է զգալիորեն ավելանալ, այդ պատճառով Ucom–ը դե–յուրե կարող է դառնալ ռուսական կապիտալով ընկերություն։ Սակայն հարկ է նշել, որ ազգային օպերատորից զրկվելու հայտարարություններն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Առաջինը, Ucom–ը պետական ընկերություն չէ, նրա սեփականատերերը մասնավոր բաժնետերեր են։ Երկրորդը, նրանք բոլորը հայեր են` Եսայան եղբայրները, Խաչատրյանների ընտանիքն ու ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով, ապրելով Ռուսաստանում, ակտիվորեն ներդրում է կատարում հայկական տարբեր ենթակառուցվածքների զարգացման մեջ։ Հետևաբար, նման աղմկահարույց հայտարարությունները, մեղմ ասած, անհիմն են։

Ինչպես կարծում է Վիգեն Հակոբյանը, Ucom-ի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես հայրենական ավիացիայի ոլորտը, ցույց տվեց, թե որքան կարևոր է ունենալ ազգային օպերատոր համակարգաստեղծ ոլորտներում։

«Հաճախ անգամ նման հանգամանքներում պետությունը կարող է ազդել` բաժնետոմսերի, սեփականության կամ ինչ–որ այլ բանի տեսքով։ Փորձը ցույց է տալիս, որ ծայրահեղ իրավիճակում տնտեսությունը և անգամ հումանիտար ոլորտը չունեն իմունիտետ։ Այդ իսկ պատճառով պետք է ունենալ ազգային օպերատոր, որը կապահովի անկախություն աշխարհաքաղաքական ազդեցություններից։ Սա սթրեսակայունության շատ կարևոր թեստ էր երկրի համար», – հայտարարեց Հակոբյանը։

Բաժնետերերը պետք է վեճը լուծեն խաղաղ

Շուկայում նոր չէ իրավիճակը, երբ բաժնետերերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի։ Հաճախ ավելի խոշոր բաժնետերերն ու ներդրողները փորձում են դուրս մղել ընկերության հիմնադիրներին, որոնք ունեն նվազագույն մասնաբաժին, սակայն երկար տարիների ընթացքում զբաղվել են ընկերության կառավարմամբ։ 

Այս իրավիճակում կարևոր է նաև ընկերության շահութաբերության հարցը։ Նման որոշումները կարող են ընդունվել այդ թվում ընկերության վնասների պատճառով, որոնք առաջանում են սխալ կառավարման կամ ներդրումների ոչ ռացիոնալ օգտագործման հետանքով, ինչը չի կարելի ասել Ucom ընկերության մասին, որը միշտ ներկայացրել է դրական ֆինանսական հաշվետվություններ և անգամ տեղաբաշխել է սեփական պարտատոմսերը։

Միաժամանակ լինում է նաև այնպես, որ խոշոր ներդրողներն ուզում են կատարել ոչ այնքան ռացիոնալ ներդրումներ, ինչին դեմ է մենեջմենթը և ինչը կարող է հանգեցնել կոնֆլիկտի։ Ամեն դեպքում ընկերությունում ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի խաղաղ հենց բաժնետերերի միջև։ 

Նման կարծիք է հայտնել մասնավորապես Menu Grօup–ի հիմնադիր Վահան Քերոբյանը, ով նշել է, որ բաժնետերերը պետք է գան ընդհանուր հայտարարի, կամ հիմնական բաժնետերը կվաճառի իր բաժնետոմսերը մյուս սեփականատերերին, կամ վերջիններս` նրան, բայց շուկայական արժեքով։

Ամեն դեպքում, ինչպես նշում է ձեռներեցը, իշխանությունները պետք է հաշվի առնի ստեղծված իրավիճակը, քանի որ դա կարող է հարվածել նաև երկրի վարկանիշին Doing Business–ի ցուցիչում, որտեղ Հայաստանը զբաղեցնում է վերջին տեղերից մեկը մինորիտար բաժնետերերի իրավունքների պաշտպանության մակարդակով։  

Իսկ վաճառք կլինի՞

Սկանդալի ֆոնին Ucom–ի և Beeline–ի միջև նախատեսված գործարքը դեռ մնացել է «օդում կախված», ավելին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դադարեցրել է հայտի ուսումնասիրությունը երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով։ Ո′չ կարգավորիչը, ո′չ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունն այս պահին չեն թույլատրել գործարքը, և այն հարցականի տակ է։ 

Նախարարությունը կոչ է արել ընկերությանն ու բաժնետերերին դրսևորել պատասխանատվություն և առաջնորդվել սեփական պարտավորություններով, որոնք նշված են արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքում և պարետատան որոշումներում` կարևորելով կապի և հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքը։ 

Ընկերությունների մասին

Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին։ Այն, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայություններ։ 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) բաժնետոմսերի 100%–ը պատկանում է Veon ընկերությունների խմբին, որը համաշխարհային խոշորագույն կապի ինտեգրված օպերատորներից է։–0–

Իննա Վերլինսկայա

ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալի կոնտենտ մենեջեր 

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև