HSBC Հայաստանը համակարգիչներ կնվիրաբերի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին

13.05.2020 17:22
HSBC Հայաստանը համակարգիչներ կնվիրաբերի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կնվիրաբերի 150 համակարգիչ Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին՝ հոգալու համար վերջիններիս հեռավար ուսուցման կարիքները COVID-19 համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Համակարգիչները կտրամադրվեն HSBC Հայաստանի՝ բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին, որը կաջակցի շահառուների ընտրության և համակարգիչների բաշխման աշխատանքների կազմակերպման գործում:

Նվիրաբերության իրականացումը հնարավոր է դարձել HSBC Հայաստանի աշխատակիցների շրջանում կազմակերպված դրամահավաքի շնորհիվ: Վերջիններս ցանկացել են կատարել իրենց ներդրումը խոցելի խմբերի աշակերտների ուսումնական գործընթացի վրա կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը մեղմելու գործում:

«Այս դժվարին ժամանակներում HSBC Հայաստանի աշխատակիցները ցուցաբերել են միասնականություն և հավաքական սոցիալական պատասխանատվություն` երկրում խոցելի համայնքների աշակերտներին ընձեռելով հեռավար ուսուցումից օգտվելու հնարավորություն: Շատ աշակերտներ, որոնց համար COVID-19 համավարակի պայմաններում ուսումնառության գործընթացը դարձել էր անհասանելի, այժմ կկարողանան վերսկսել իրենց դասերը և կշարունակեն օգտվել համակարգիչներից համավարակի ավարտից հետո»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

Վերոհիշյալ նվիրաբերությունն իրականացվել է ի լրումն HSBC Հայաստանի կողմից Հայկական Կարմիր խաչի ընկերությանը կատարված 15 միլիոն ՀՀ դրամի չափով նվիրաբերության՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի բռնկման արդյունքում խոցելի խմբերի շրջանում առաջացած կարիքների բավարարմանը: Այս մասին HSBC  Հայաստանը հայտարարել էր ավելի վաղ:

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի:

Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև