ՀՀ ԿԲ-ն թողարկել է հուշադրամներ՝ մշակույթի երեք անվանի գործիչների պատվին

20.05.2020 17:40
ՀՀ ԿԲ-ն թողարկել է հուշադրամներ՝ մշակույթի երեք անվանի գործիչների պատվին

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է 3 հուշադրամ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակի, Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակի և Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Նկարչի պատվին

Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամը պատրաստված է 9250 հարգի արծաթից և Հատված է Լիտվայի դրամահատարանում՝ 500 տպաքանակով և 100 դրամ անվանական արժեքով։

Դիմերեսին հատված է Եղիշե Թադևոսյանի «Նկարչի կինը՝ Ժյուստինը» (1903 թ․) կտավից։

Դարձերեսին՝ հատվածներ Եղիշե Թադևոսյանի կտավներից՝ «Ինքնադիմանկար» (1933 թ․), «Սևանա կղզու Առաքելոց եկեղեցին» (Էտյուդ, 1934 թ)։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադևոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետներից է:

Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1894-1895 թթ.): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երևանում, Թիֆլիսում, Մոսկվայում: 1916 թ. աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: Թադևոսյանը Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923 թ.) և առաջին պրոֆեսորներից է: 

Լինելով հիմնականում երփնագրող` Թադևոսյանի տաղանդը դրսևորվել է նաև գրաֆիկայի, կիրառական արվեստների, խճանկարի, մանրաքանդակի ոլորտներում: Թադևոսյանի առաջին իսկ գործերը վկայում են նրա խոր գունազգացողության, դասական ավանդույթներին հավատարմության մասին: Մեծ արժեք են ներկայացնում նկարչի թարմաշունչ ու քնարականությամբ լեցուն բնապատկերները («Արագած», 1917 թ., «Արարատ», 1934 թ.):

Թադևոսյանը փայլուն դիմանկարիչ է: Նրա վարպետությունը դրսևորվել է վաղ դիմանկարներում («Ա. Շիրվանզադե», 1929 թ., «Հ. Թումանյան», 1933 թ.), իսկ թեմատիկ դիմապատկերի ամենանշանավոր գործը նրա վերջին կտավն է` «Կոմիտասը» (1935 թ.): Լինելով հայ ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակակիցը` Թադևոսյանը պարբերաբար անդրադարձել է նաև իր ժողովրդի անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ», 1910 թ., «Արշակ և Փառանձեմ», 1921 թ.):

Եղիշե Թադևոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր:  

Մեծ դերասանի հիշատակին

Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամը հատված է 9000 հարգի ոսկուց, Լիտվայի դրամահատարանում։ Տպաքանակը 300 հատ, անվանական արժեքը՝ 10000 դրամ։

Դիմերեսին պատկերված է Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված (գործ` Ստեփան Քյուրքչյանի):

Դարձերեսին` Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը (գործ` Ներսես Կիրակոսյանի):

Հրաչյա Ներսիսյանը (1895-1961 թթ․) հայ անվանի դերասան է, ԽՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։

Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական և ամերիկյան քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Ա. Պենկլյանի թատերախմբում։ 1919 թ-ից եղել է Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան։ 1922 թ․ Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի և այլ դերասանների հետ հաստատվել է Խորհրդային Հայաստանում, 1923 թ-ից դարձել է Երևանի առմիշտ բնակիչ և Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) դերասան։

Ներսիսյանի վարպետությունը և տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.):

Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական, դրամատիկական և կատակերգական կերպարանավորումները, որոնց դերասանը հաղորդել է հուզական խորունկ բովանդակություն։ Ներսիսյանի ստեղծագործական պաթոսը կարեկցանքն է  հանիրավի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ շեշտված է արտիստի հատկապես վերջին շրջանի դերակատարումներում:

Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով և հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման։

Կինոռեժիսորի հոբելյանի առթիվ

 Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ստեղծված հուշադրամը հատվել է 9250 հարգի արծաթից՝ Լիտվայի դրամահատարանում ։ Անվանական արժեքը 100 դրամ է, Տպաքանակը՝ 500։

Դիմերեսին Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» և «Սեզար» մրցանակների պատկերներն են։

Դարձերեսին` Անրի Վեռնոյի դիմապատկերը, կինոժապավեն և «Արգելված պտուղը» (1952 թ․) ու «Մի գիշերվա պատմությունը» (1960 թ․) կինոնկարների պաստառներից հատվածներ։

Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան, 1920-2002), ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում, որն ավարտելուց հետո անցել է լրագրողական աշխատանքի: 1945 թ. «Լա Մարսելյեզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածների շարք: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) և այլն):

Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. և ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած և Ֆրանսիա գաղթած  հայ ընտանիքի պատմություն: 1996 թ. կինոնկարն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակի, իսկ սցենարը թարգմանվել և հրատարակվել է տասնյակ լեզուներով` դառնալով հայի  անկոտրում ոգու և վերապրումի խոսուն վկայագիրը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև