HSBC Հայաստանը և ԳՈՒՄ ՀԿ-ն համատեղ իրականացրել են «Զարգացման հեռանկարներ» ծրագիրը ՀՀ մարզերում

09.06.2020 16:46
HSBC Հայաստանը և ԳՈՒՄ ՀԿ-ն համատեղ իրականացրել են «Զարգացման հեռանկարներ» ծրագիրը  ՀՀ մարզերում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Ս.թ. հունիսի 5-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից ֆինանսավորված և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության (ԳՈՒՄ ՀԿ) կողմից իրականացված «Զարգացման հեռանկարներ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 8,192,060 ՀՀ դրամ, որից 6,797,800 ՀՀ դրամը հատկացվել էր HSBC Հայաստանի, իսկ մնացածը` ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:

«Զարգացման հեռանկարներ» ծրագիրն ուղղված էր Հայաստանի մարզաբնակ երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:   Ծրագրում ներգրավված Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-23 տարեկան 48 երիտասարդների ընձեռնվեց ֆինանսների կառավարման, բիզնեսի պլանավորման և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսումնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

Ի լրումն ֆինանսական աջակցությանը, HSBC Հայաստանի տասական աշխատակիցներից բաղկացած երկու կամավորական խմբեր հանդիպումներ անցկացրեցին շահառու երիտասարդների հետ բիզնես գաղափարների մշակման և պլանավորման հարցերի շուրջ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան ուղղորդում և խորհրդատվություն: Արդյունքում երիտասարդները մշակեցին 11 ստարտափ բիզնես ծրագրեր, որոնք և ներկայացրեցին ծրագրի փակման միջոցառմանը: HSBC Հայաստանի կամավորներից բաղկացած գնահատող հանձնաժողովը ընտրեց լավագույն 4 ստարտափ ծրագրեր, որոնք կստանան համապատասխան ֆինանսավորում:    

«Գիտակցելով ժամանակակից աշխարհում ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների նշանակությունը՝ HSBC-ն մեծապես կարևորում է երիտասարդներին, քանզի նրանք են մեր ապագան կերտողները:  Միջոցառման ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացա շահառու երիտասարդների կողմից մշակված բիզնես ծրագրերին, որոնք ներառում էին նորարարական մոտեցումներ և գաղափարներ: Խրախուսելի է այն փաստը, որ ծրագրերի մեծամասնությունն ուղղված էր համայնքային զարգացման ապահովմանն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բնապահպանությունը, տուրիզմը, տեղական արտադությունը, մշակութային և հասարակական կյանքը», - ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը` ընդգծելով  HSBC Հայաստանի հետ գործընկերության արդյունավետությունը, նշեց. «Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն էր մասնակից երիտասարդների ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առումով, որը միանշանակ նպաստել է աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Կարևոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը զուգահեռ, երիտասարդները ձևավորել են նաև գործակցության ներքին ցանց, որը նրանց կընձեռի այլ նախագծերում համատեղ հանդես գալու և նոր հեռանկարներ բացահայտելու հնարավորություններ»:

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:

«Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն 2000 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է հետևյալ առաքելությամբ` կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման: ԳՈՒՄ ՀԿ-ն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` նպաստելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ), կրթական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների/ՏԻՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև