ԿԲ–ի ռազմավարությունն է անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն ու կանխիկ շրջանառության նվազեցումը

12.06.2020 17:16
ԿԲ–ի ռազմավարությունն է անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն ու կանխիկ շրջանառության նվազեցումը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկի ուղղվածությունը և ռազմավարությունը անկանխիկ գործիքների կտրուկ ավելացումն է և կանխիկ շրջանառության նվազեցումը, ասել է ԿԲ Ղեկավար Արթուր Ջավադյանը։

«Այսօր շրջանառության մեջ է գտնվում օրենքի նախագիծ, որը կարելի է ասել վերջնականապես քննարկվել է բոլոր պատկան մարմինների հետ, և արդեն շատ շուտով այն կգնա Ազգային ժողով։ Այդ նախագիծը էապես կրճատելու է կանխիկ գործարքները ու, իհարկե, ավելացնելու է անկանխիկը»,- հայտնել է նա «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում։

Ջավադյանի խոսքով՝ անկանխիկ գործարքների առումով երկրում կան երկակի պրոցեսներ։

«Առաջին պրոցեսն այն է, որ մրցակցության հաշվին անկանխիկ ծառայության գներն իջնում են՝ ինտերնետ բանկինգ, մոբայլ բանկինգ, «Իդրամ»-ը, «ԱրՔա»-ի հավելվածը։ Շատ տարբեր առաջարկներ կան տարբեր առևտրային բանկերի և տարբեր այլ պլատֆորմների կողմից»,-նշել է նա։

Մյուս կողմից, ինչպես նշել է ԿԲ-ի ղեկավարը, հնարավոր է, որ նոր գործիքներն ավելի թանկ լինեն պահի տակ, բայց մրցակցության հաշվին այդ գործիքները կնվազեն։

«Մենք հետեւում ենք դրանց, քանի որ ունենք ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական ծառայությունների սպառողների շահերով, ու մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը ֆինանսական կայունությունն է, իսկ դա ֆինանսական կայունության մաս է»,- նշել է նա։

Դրա հետ կապված՝ Ջավադյանը հավելել է, որ խոսակցություններ կան, թե իբր ԿԲ-ն է լոբբինգ անում անկանխիկ գործարքները՝ բանկերի համար։

«Բայց դա բանկերի համար չէ, դա մեր տնտեսության համար է։ Ինչքան շատ թափանցիկ ընկերություններ մենք ունենանք, այդքան բանկային միջնորդությունն ավելի կհեշտանա ու կավելանա։ Ասեմ, որ այստեղ հավասարակշռելու առումով այդքան մեծ խնդիր չկա։ Մենք պետք է օրեցօր այնպես անենք, որ մեր հասարակությունը, բանկերի բոլոր հաճախորդները քիչ-քիչ գնան օնլայն հեռահար բանկինգին»,- ասել է նա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև