ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2019թ.-ի տարեկան արդյունքները (ՖՈՏՈ)

25.06.2020 16:13
ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ամփոփեց 2019թ.-ի տարեկան արդյունքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ այսօր՝ 2020թ հունիսի 25-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ  «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2019թ.-ի արդյունքները՝ արձանագրելով աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես, բանկի ակտիվները 2019թ. դրությամբ կազմել են 222,446 մլն ՀՀ դրամ, ինչը 0,7 %-ով գերազանցել է 2018թ-ի ցուցանիշը, ընդ որում՝ վարկավորումն ավելացել է 13,3%-ով և կազմել 135,921 մլն ՀՀ դրամ: Պարտավորությունները 2019թ-ին կազմել են 185,042 մլն  ՀՀ դրամ:  Բանկի ընդհանուր կապիտալը, 2019թ. տվյալներով, կազմել է 37,404 մլն ՀՀ դրամ։ Արձանագրվել է 2, 264 մլն  ՀՀ  դրամ զուտ շահույթ»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Իմ կարծիքով 2019թ-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համար զարգացման առումով շատ կարևոր տարի էր։ Չնայած ֆինանսաբանկային համակարգի խիստ մրցակցային պայմաններին՝ հաշվետու ժամանակահատվածում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հաջողվել է կատարել բանկի ռազմավարությամբ առաջադրված խնդիրները։ Պետք է նշեմ, որ մենք ընդլայնել ենք վարկավորումը մանրածախ, սպառողական վարկավորման հաշվին և, կարևորելով առողջ ու դիվերսիֆիկացված վարկային պորտֆելի գաղափարը, 2019թ-ին ևս վարել ենք պահպանողական և զգուշավոր վարկային քաղաքականություն և կրկին հայաստանյան բանկային համակարգում առանձնացել վարկային պորտֆելի բարձր որակով», - ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

Նա տեղեկացրել է, որ 2019թ-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերության» ՎՎԿ ՓԲԸ-ի համար տեղաբաշխվել են 3.5 մլրդ ՀՀ  դրամ, իսկ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի  համար՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմսեր՝ իրականացնելով նաև նշված պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթները։

«Կարևոր եմ համարում նաև արձանագրել մեր հաջողությունը թվային բանկինգի ոլորտում։ Ժամանակակից լուծումների կիրառման միջոցով 2019 թ-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շարունակել է զարգացնել մոբայլ բանկինգը՝ վերաձևափոխելով ինտերֆեյսը, ավելացնելով նոր հնարավորություններ, նոր գործիքակազմ, ներդնելով նոր վարկային և ավանդային պրոդուկտներ և առավել հարմարվետ դարձնելով բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները։ Ի դեպ նշեմ, որ 2019թ․-ի ավարտին օգտատերերի թիվը հասել է 8184-ի՝ 2018թ․-ի 402-ի համեմատ, իսկ սա, իմ կարծիքով, բավականին լավ ցուցանիշ է»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸՎարչության նախագահ Մհեր Անանյանը:

«Ի հավելումն 2019թ․-ին արձանագրած ցուցանիշների՝ առանձնապես կարևոր եմ համարում Տնօրենների խորհուրդի դերը բանկի արդյունավետ կառավարման գործում։ Պետք է նշեմ, որ 2019թ․-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Խորհուրդը համալրվել է փորձառու և բանիմաց խորհրդի անդամներով, որոնք իրենց ամբողջ ներուժը, փորձն ու գիտելիքների պաշարը կուղղեն բանկի զարգացմանն ու առաջխաղացմանը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Խորհրդի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը:

Հաշվի առնելով, որ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը անցկացվել է COVID-19 համավարակի պայմաններում՝ ժողովին ներկա են եղել բաժնետերերն ու բանկի մի քանի ղեկավար, պահպանվել է սոցիալական հեռավորությունը, ապահովվել է դիմակների և ախտահանիչ նյութերի առկայությունը։

 «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկն է, որը ներկայացնում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 59 մասնաճյուղ ողջ երկրում: Լինելով դինամիկ զարգացող բանկերից մեկը, լայնացնելով մասնաճյուղային ցանցն ու բանկային ծառայությունների շրջանակը՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Հայաստանի տնտեսության իրական հատվածի, մասնավորապես, ՓՄՁ վարկավորման հատվածի ակտիվ մասնակից է: Բանկը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև