Adjarabet, EasyPay և Tel-Cell տերմինալներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել է ավելի քան 18 մլն դրամ

07.07.2020 13:10
Adjarabet, EasyPay և Tel-Cell տերմինալներից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակվել է ավելի քան 18 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա երիտասարդը իր 3 մտերիմների հետ տեղյակ լինելով «Սաբարկո» ՍՊ ընկերության adjarabet.am կայքի գումարների ելքագրման համակարգի տեխնիկական կարգավորումների առանձնահատկություններից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Պարզվել է, որ 2020թ. հունվարի 4-ից մինչև հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, օգտագործելով adjarabet.am կայքում իրենց և մտերիների անվամբ բացված խաղային հաշիվները, վերոնշյալ խաղային հաշվիվներին տարբեր ժամերի և օրերի վճարահաշվարկային տերմինալների միջոցով մուտքագրված գումարները կարճ ժամանակահատվածում հասանելի են դարձրել ելքագրման, ապա խաղային հաշիվներին գեներացված գումարների ելքագրման համար կայքի համակարգին ուղարկել են կանխիկացման հայտ, որի մշակման արդյունքում խաղային հաշվին կցված հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ստացել են համապատասխան խաղային հաշիվներից ելքագրման համար հասանելի գումարի կանխիկացման նպատակով անհրաժեշտ մեկանգամյա օգտագործման թվեր: Այնուհետև տարբեր կազմով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մոտեցել են Երևան քաղաքի տարբեր փողոցներում գործող «Սաբարկո» ՍՊ ընկերության սպասարկման գրասենյակներում տեղակայված «adjarabet», «EasyPay» և «Tel-Cell» վճարահաշվարկային տերմինալներին և միաժամանակ կամ հաշված վայրկյանների ընթացքում SMS հաղորդագրությամբ ստացված մեկանգամյա թվային տվյալները կրկնակի մուտքագրել վերոնշյալ վճարահաշվարկային տերմինալներ, կանխիկացրել և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 18մլն ՀՀ դրամ գումար:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին և նրա 2 մտերիմներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Եվս մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև