Հայկական բանկերը տրամադրել են 1,3 տրիլիոն դրամի «վարկային արձակուրդ». ԿԲ նախագահը ներկայացրել է ռիսկերը

08.09.2020 16:34
Հայկական բանկերը տրամադրել են 1,3 տրիլիոն դրամի «վարկային արձակուրդ». ԿԲ նախագահը ներկայացրել է ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/.  Հայկական բանկերը տրամադրել են 1,3 տրիլիոն դրամի «վարկային արձակուրդ», երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Կարծում եմ` բանկերը բավականին խելամիտ են աշխատել հաճախորդների հետ. մոտ 550 հազար ֆիզիկական անձ և 17 հազար իրավաբանական անձ կարողացել են օգտվել «արձակուրդից»։ Արդյունքում, 1,3 տրիլիոն դրամի վարկային պարտավորությունները հետաձգվել են, և բանկային համակարգ մուտք չի արվել ևս մոտ 100 մլրդ դրամ»,  – ասաց Գալստյանը։

Միաժամանակ ԿԲ նախագահը նշեց, որ եթե գործընթացը շարունակվի, ապա կարող է խնդիր առաջանալ, և բանկային համակարգն ինքնուրույն չի կարող դրան դիմակայել։

Նրա խոսքով, բանկերը որպես ավանդների տոկոս ամեն տարի վճարում են ՀՆԱ–ի մոտ 2,5%–ը (մոտ 120–130 մլրդ դրամ),իսկ հիմա երբ բանկերը տրամադրում են «վարկային արձակուրդ», դա նշանակում է, որ բանկը պետք է ունենա բավականաչափ միջոցներ` ավանդների գծով պարտավորությունները վճարելու համար։

Նա ընդգծեց, որ այս դեպքում ԿԲ–ն պատրաստ է տրամադրել անհրաժեշտ լիկվիդայնությունը, որը, սակայն, ունի իր արժեքը։

«Եթե վարկը չի մարվում, ապա բանկը գտնում է այլ միջոցներ ավանդատուների առաջ իր պարտավորությունները մարելու համար, և այդ կերպ բանկի ծախսերն ավելանում են։ Եթե հիմա նորից տրամադրվի վարկային արձակուրդ, ապա դա կլինի խնդրահարույց համակարգի համար։ Բանկերը չեն կարող միշտ ծախսեր կրել` չսպասելով եկամուտ ստանալուն, և դա հարցականի տակ է դնում ամբողջ համակարգի կայունությունը, և որպես հետևանքով` լուրջ վտանգի առաջ կկանգնեցնի ողջ տնտեսությունը», – ասաց Գալստյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև