Հայաստանի ֆոնդային բորսան և Cbonds գործակալությունը համաձայնագիր են կնքել

23.09.2020 12:29
Հայաստանի ֆոնդային բորսան և Cbonds գործակալությունը   համաձայնագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ռուսական Cbonds գործակալությունը և Հայաստանի ֆոնդային բորսան կնքել են համաձայնագիր Premium Cbonds կայքում գնանշումների և AMX-ում շրջանառվող բաժնետոմսերի և պարտատոմսերի մասին տեղեկատվության արտացոլման վերաբերյալ։ Հայաստանի ֆոնդային բորսայի տարածած հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը հասանելի կդարձնի հայաստանյան արժեթղթերի մասին տեղեկատվությունը միջազգային մասնագետների շրջանակներին։ 

 «Մեզ համար կարևոր է կայքի օգտատերերին տրամադրել ճշգրիտ և մանրամասն տեղեկատվություն: Cbonds-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի համագործակցությունը կապահովի հայկական արժեթղթերի մասին տեղեկատվության ամբողջականություն, ստացման արագություն և հուսալիություն: Հուսով ենք, որ դա կբարձրացնի Ռուսաստանի և այլ երկրների ներդրողների հետաքրքրությունը հայկական արժեթղթերի շուկայի նկատմամբ»,- նշել է Cbonds-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Լյալինը։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն իր հերթին բարձր է գնահատել Cbonds-ի հետ համագործակցությունը։

«Մենք հույս ունենք, որ AMX-ի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության առկայությունը գործակալության կայքում կբարձրացնի տարածաշրջանի և միջազգային ներդրողների հետաքրքրությունը AMX-ի ֆինանսական գործիքների և ծառայությունների նկատմամբ, ինչպես նաև կնպաստի հայկական և օտարերկրյա թողարկողների արժեթղթերով բորսայական առևտրի ակտիվացմանը»,- նշել է Եգանյանը ։

Այժմ կայքը պարունակում է ավելի քան 600 հայկական պարտատոմսերի և եվրապարտատոմսերի թողարկման մանրամասներ, որոնցից շրջանառվում են ավելի քան 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 130 թողարկումներ։ Ինչպես նաև հասանելի է տեղեկատվություն Հայաստանյան 11 թողարկողների բաժնետոմսերի պարամետրերի, գնանշումների ավարտի և առևտրաշրջանառության արխիվի վերաբերյալ:

Ֆոնդային բորսայում ցուցակվելու համար կարող եք տեսնել ցուցակման ուղեցույցը։ Հայաստանի ֆոնդային բորսայի մասին AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է:

Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև