Հայաստանի բանկերը կներեն վարկերը. Ֆիննախը պարզաբանել է կարգը

28.10.2020 19:13
Հայաստանի բանկերը կներեն վարկերը. Ֆիննախը պարզաբանել է կարգը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական բանկերին օրենսդրական մակարդակի վրա թույլատրել են ներել ռազմական գործողությունների որոշ  մասնակիցների վարկերը։

ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 21–ին ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որոնցով բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։ Խոսքը ոչ միայն տույժերի և տուգանքների, այլև վարկային պարտավորության մայր գումարի մասին է։ Այս նախագիծը նպատակ ունի ներել ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ։ 

Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, բանկերին օրենսդրական մակարդակի վրա հնարավորություն է ընձեռվում առանց հարկային հետևանքների ներել ռազմական գործողությունների ժամանակ զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած քաղաքացիների, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։

«Ի տարբերություն նախկինում ընդունված նմանատիպ նախաձեռնությունների, այս նախաձեռնությունը տարբերվում է նրանով, որ խոսքը ոչ միայն տույժերի և տուգանքների, այլև ամբողջ վարկային պարտավորության, այսինքն վարկի հիմնական գումարի մասին է։ Նպատակն է շահառուներին ամբողջությամբ ազատել վարկային պարտավորություններից։ Օրենքն ընդունվել է և ուժի մեջ է մտել, հիմա կարող է հանգիստ կիրառվել», – ասաց Պողոսյանը։

Նա նաև նշեց, որ օրենքը պարտադիր չէ ֆինանսական կազմակերպությունների համար, այն միայն նրանց հնարավորություն է տալիս ներել վարկային պարտավորություններն առանց լրացուցիչ հարկերի և տույժերի, այսինքն` պետությունը կիսում է չմարած վարկերի ռիսկերը` հրաժարվելով հարկերից, առաջարկելով բանկերին հրաժարվել իրենց պահանջներից։

Սակայն, նրա խոսքով, բանկերն ու վարկային կազմակերպությունները որոշումն ինքնուրույն են ընդունելու։

Նա նաև ընդգծեց, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն արդեն պատրաստակամություն են հայտնել օգտվել այս օրենքից և ներել վարկային պարտավորությունները։

«Վստահ եմ, որ օրենքը կծառայի նպատակին։ Եթե մի կողմ դնենք էմոցիոնալ բաղադրիչն ու թողնենք միայն ֆինանսականը, իմաստ չունի թողնել նման վարկերը անորոշ ժամանակով, քանի որ ֆինանսական կառույցները չեն կարող ունենալ հիմքեր` սպասելով, որ այդ միջոցները կմարվեն, հատկապես եթե վարկառուն զոհվել է, անհետ կորել կամ դարձել է անգործունակ հաշմանդամության հետևանքով ։ Կարծում եմ, հաշվի առնելով այս ամենը, բանկերն առավելագույնս կօգտվեն օրենքի առավելություններից», – ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ օրենքում նշված չէ այն փաստաթղթերի ցանկը, որ պետք է ներկայացնի շահառուն։ Ցանկը որոշում է ֆինանսական կառույցը, սակայն նախապես պետք է ներկայացնել փաստաթղթեր, որ վարկառուն մասնակցել է ռազմական գործողություններին ու ներկայացնել համապատասխան տեղեկանքներ։

Պատասխանելով այն հարցին, թե այս որոշման հետևանքով որքան կտուժեն պետբյուջեի հարկային մուտքերը`փոխնախարարը դժվարացավ նշել` ասելով, որ ռազմական գործողությունները շարունակվում են, կան զոհեր, վիրավորներ և շահառուների ցանկը դեռ չի որոշվել։

Նրա խոսքով, դեռ չի ավարտվել այն բանի հաշվարկը, թե այդ անձինք որքան վարկ են վերցրել և որքանն են հասցրել մարել։

«Սակայն անկախ հարկերի և բյուջեի վրա առաջացող ծանրաբեռնվածության մեծությունից, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել կիսել այդ բեռը ֆինանսական կառույցների հետ», – ասաց Պողոսյանը։

Նա նաև ասաց, որ չկան նաև վարկերի տեսակների և չափերի սահմանափակումներ, սակայն կան նրբություններ, օրինակ, հիփոթեքի հարցում, քանի որ այս դեպքում կա գրավադրված գույք, և  դեռ հարց է, թե ինչպես են բանկերը դա լուծելու։ «Ի տարբերություն հիփոթեքի, սպառողական վարկավորման հարցը շատ ավելի հեշտ է լուծել, և բանկերը պատրաստ են գնալ զիջումների։ Օրենքով նախատեսված չեն վարկի չափի սահմանափակումներ, ամեն ինչ կախված է բանկերի որոշումից», – ասաց Պողոսյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post