02.11.2020 16:57
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) անդրադառնալով մեր համաքաղաքացիների և բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին՝ ևս մեկ անգամ ներկայացրել է հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ, հաղորդում է միության մամուլի ծառայությունը:
ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված, նպատակ ունենալով առավել առարկայական դարձնել վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը, Հայաստանի բանկերի միության (ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի) կայացրած որոշման համաձայն՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
ՀԲՄ-ն ողջունելի է համարում, որ նաև ՀՀ առևտրային բանկերի առաջարկով ԱԺ-ն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա բանկերին առանց հարկային հետևանքներ կրելու վարկառուներին ցուցաբերվող աջակցությունը դարձնել առավել լայնածավալ և ընդգրկուն:
«Հավաստիացնում ենք, որ բանկերը առաջնորդվելով ստեղծված պայմանների հաղթահարման մարդակենտրոն մոտեցմամբ և նպատակ ունենալով հնարավորությունների առավելագույն չափով աջակցել մեր հայրենակիցներին՝ ռազմական դրության ավարտից հետո կդիտարկեն օրենքով սահմանված խմբերի անձանց վարկային պարտավորությունների ներման հնարավորությունը: Այս նպատակով յուրաքանչյուր բանկ, հիմք ընդունելով հաճախորդի ֆինանսական վիճակի վերլուծությունը, կցուցաբերի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ռազմական դրության ժամանակահատվածում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կիրառված տույժ-տուգանքների կամ վարկերի դասակարգումների դեպքերի մասով ևս, անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում, կտրվեն համարժեք լուծումներ:
Վերոնշյալ գործընթացների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել բանկերի հայտարարություններին կամ դիմել սպասարկող բանկ:
ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 21–ին ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որոնցով բանկերը և վարկային կազմակերպությունները հնարավորություն կստանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ու նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները։ Խոսքը ոչ միայն տույժերի և տուգանքների, այլև վարկային պարտավորության մայր գումարի մասին է։ Այս նախագիծը նպատակ ունի ներել ոչ միայն ռազմական գործողություններին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորություները, այլև նրանց հետ առաջին կարգի ազգակցական կապով փոխկապակցված անձանց վարկային պարտավորությունները` համատեղությամբ ապրող ծնողներ, զավակներ և ամուսիններ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: