Հայ տնտեսագետը պարզաբանել է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատճառները

09.11.2020 21:50
Հայ տնտեսագետը պարզաբանել է թուրքական ազգային արժույթի արժեզրկման պատճառները

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայ տնտեսագետ և քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը ներկայացրել է Թուրքիայի տնտեսության մեջ ստեղծված բարդ իրավիճակի պատճառները, որի ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։

«2–3 օրում լիրան կայունացել է, այժմ նրա փոխարժեքը կազմում է 8.3 մեկ դոլարի նկատմամբ, ամեն օր նկատվում է մշտական, փոքր նվազում», – ասաց Միքայելյանն այսօր ասուլիսի ժամանակ։

Համեմատության համար փորձագետը նշեց, որ 10 տարի փոխարժեքը կազմում էր 1,6 լիրա 1 դոլարի նկատմամբ, այսինքն` ազգային արժույթն արժեզրկվել է ավելի քան 5 անգամ։

«Սակայն հիշեցնեմ, որ 2018թ.–ին, երբ Թուրքիայում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ, այդ ժամանակ լիրայի արժեզրկման արագությունը բարձր էր։ Հետո այն մի փոքր վերականգնվեց, իսկ վերջին մի քանի ամսում կրկին գրանցվում է արագ անկում», – տեղեկացրեց Միքայելյանը։

Քաղաքական գործոններ

Նա նշեց, որ թուրքական լիրայի խոցելիության վրա ընդհանուր առմամբ ազդում է մի քանի գործոն։

«Արևմտյան փորձագետների գնահատականներով, լիրայի վրա ազդում են Թուրքիայի արտաքին քաղաքական ակտիվությունը, այդ թվում` արցախյան պատերազմը։ Որոշակի ազդեցություն է ունենում նաև էմբարգոն թուրքական ապրանքների և ծառայությունների նկատմամբ, որոնք ներդրել է Սաուդյան Արաբիան», – ասաց Միքայելյանը։

Խոսելով նման իրավիճակի ներքին դրսևորումների մասին` Միքայելյանը նշեց բարձր գնաճն` ասելով, որ եթե նախկինում Թուրքիան ուներ բավականաչափ ռեզերվներ, որպեսզի ազդի այդ ցուցանիշների վրա, ապա հիմա Անկարան չունի նման հնարավորություն։

«Բացի այդ, Թուրքիայում բավականին բարձր նյարդային ֆոն է և բացասական սպասումներ, տուժում են տնային տնտեսությունները», – նշեց Միքայելյանը։

Նրա խոսքով, բազմաթիվ թուրքական ընկերություններ, այդ թվում` պետական կապիտալով, որոնք իրականացնում են մասշտաբային նախագծեր և կառուցում են օդանավակայաններ, ենթակառուցվածքային օբյեկտներ, ունեն դոլարային պարտքեր Թուրքիայի կառավարության երաշխավորության ներքո։ Իսկ հիմա նրանց պարտքերը դառնում են ավելի «թանկ»։

«Եվս մեկ հանգամանք է Թուրքիայի վատացող արտաքին վճարային հաշվեկշիռը, արտահանման և ներկրման սալդոն կորոնավիրուսի տարածումից հետո, մեծ դեր է խաղում երկրում տուրիզմի գրեթե ամբողջական բացակայությունը», – նշեց նա։

Միքայելյանի խոսքով, թուրքական իշխանությունները փորձում են որոշ աստիճանով փոխհատուցել այդ գործոնները, «բացել» տուրիզմը որքան հնարավոր է շատ, սակայն այդ աշխատանքն իրականացվում է այնպիսի ֆոնին, երբ Թուրքիայի կառավարությունն ակնհայտորեն կեղծում է կորոնավիրուսի վիճակագրությունը։

«Մենք ունենք ստույգ տեղեկություններ այն մասին, որ Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքը «բերվել է» Թուրքիայից։ Ես ենթադրում եմ, որ նմանատիպ իրավիճ ակ է ստեղծվել Վրաստանում, քանի որ հուլիս–օգոստոսին այդ երկիր են այցելել Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ», – ասաց նա։

Նշելով, որ Թուրքիան խոցելի է`փորձագետը, այդուհանդերձ, զգուշացրեց, որ պետք չէ սպասել թուրքական տնտեսության շուտ անկում։

«Այդ պրոցեսը կարող է տևել մեկ–երկու տարի», – կարծում է փորձագետը։

Էմբարգոն ու դրա հետևանքները

Միքայելյանի խոսքով, թուրքական տնտեսությունը բաց է և հիմնականում հենվում է վերամշակող արդյունաբերության վրա, ավելացված բարձր արժեքով ապրանքների արտահանման, ծառայությունների, մասնավորապես` տուրիզմի վրա։

«Այսպիսով, Թուրքիայի համար ավելի դժվար կլինի դիմակայել, եթե նրա նկատմամբ ներդրվեն պատժամիջոցներ, իսկապես կոշտ պատժամիջոցներ», – նշեց Միքայելյանը` որպես օրինակ բերելով Սաուդյան Արաբիայի կողմից կոշտ էմբարգոյի հետևանքները։

Խոսելով Հայաստանում հայտարարված թուրքական ապրանքների էմբարգոյի մասին, որը գործելու է 2020թ.–ի դեկտեմբերի 31–ից, փորձագետն ընդգծեց, որ դրա հետևանքները չեն լինի մասշտաբային, այդուհանդերձ կազդեն, այդ թվում, քաղաքական տեսակետից։

«Առնվազն մի քանի հազար նոր գործազուրկներ կստեղծեն «գլխացավանք» թուրքական իշխանությունների համար», – ասաց Միքայելյանը։

Նա հիշեցրեց, որ փաստորեն 1992թ.–ից Թուրքիայում գործում է հայկական ապրանքների արգելք, և Երևանը պետք է վաղուց ձեռնարկեր հայելանման միջոցներ։

Հնարավոր պատժամիջոցներ

Ինչպես նշեց փորձագետը, աշխարհում բոլորը շատ լավ գիտեն Թուրքիայի խոցելիության մասին, չնայած ԵՄ–ի որոշ երկրներ, օրինակ Հունգարիան, Իտալիան, Իսպանիան դեմ են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներին։

«Սակայն եթե հաշվի առնենք, որ Թուրքիային կապում են ահաբեկչության ակտիվացման հետ արցախյան պատերազմի համատեքստում, ապա պարզ է, որ Թուրքիայի շուրջ իսկապես ստեղծվել է անբարենպաստ մթնոլորտ», –  ասաց Միքայելյանը։

Ինչպես կարծում է Միքայելյանը, Անկարան կփորձի տնտեսական խնդիրները փոխհատուցել քաղաքական ակտիվացմամբ և ներդրումների ներգրավմամբ դեռևս բարեկամ արաբական երկրներից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև