Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

01.12.2020 19:40
Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:

 Ինչպես հաղորդում է Հայաստանի բանկերի միությունը, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝

  • Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն   դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:
  • Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7   միլիոն   դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն:
  • Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
  • Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

 Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը», – նշեցին ՀԲՄ–ից:

Միությունից նաև տեղեկացնում են, որ նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։ 

Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, 2020թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, բանկային ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 3570.7 մլրդ դրամ: Դրանից 1664.7 մլրդը(47%) դրամով ներգրավված ավանդներն են, իսկ 1906.0 մլրդ դրամը (53%)՝ արտարժույթով: Ընդ որում, ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալն ընթացիկ տարվա սեպտեմբերի  30-ի դրությամբ կազմել է 1694.7 մլրդ դրամ, որից 841.8 մլրդը (49,7%) դրամային ավանդներն են, իսկ 852,8 մլրդը (50,3%)` արտարժութային:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև