«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունն ԱրարատԲանկին 3 մլն եվրո է տրամադրել ՓՄՁ-ների աճը խթանելու նպատակով

09.12.2020 15:15
«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունն ԱրարատԲանկին 3 մլն եվրո է տրամադրել ՓՄՁ-ների աճը խթանելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱրարատԲանկը և Նիդերլանդների «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության կողմից կառավարվող երկու՝ «Տրիոդոս Ֆէը Շէը Ֆանդ» և «Տրիոդոս Մայքրոֆայնանս Ֆանդ» ներդրումային հիմնադրամները 3 մլն եվրոյի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ ուղղված Հայաստանում տեղական բիզնեսներին հետագայում աջակցություն ցուցաբերելուն, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

Կանաչ վարկավորման և կին ձեռներեցների աջակցման ծրագրերին ուղղված այս վարկն ԱրարատԲանկին հնարավորություն կտա ընդլայնել ՓՄՁ հաճախորդների կարիքներին ու պահանջներին համապատասխան մշակված պրոդուկտներն ու ծառայությունները, ինչպես նաև կնպաստի այս կարևոր հատվածի զարգացմանը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և նպաստելով երկրում տնետեսական աճին, ինչը խիստ անհրաժեշտ է հատկապես Covid-19-ի և հետպատերազմյան ժամանակաշրջանում։

«Մենք ուրախ ենք, որ ֆինանսավորում ենք ստանում այնպիսի հուսալի գործընկերոջից, ինչպիսին է «Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունը, հատկապես այսօր, երբ ՓՄՁ-ների համար լրացուցիչ աջակցություն ստանալն ու ֆինանսների հասանելիության բարելավումն ավելին է, քան պարզապես անհրաժեշտություն։ Կառուցողական գործարար լուծումներով մենք միշտ աջակցել ենք ՓՄՁ-ներին իրենց բիզնեսի ներուժը բացահայտելու շնորհիվ արձագանքել ներկայիս մարտահրավերներին, հարմարվել փոփոխություններին, իրականացնել ամենահավակնոտ ծրագրերն ու նվաճել նոր բարձրունքներ: Հատկանշական է, որ մինչ այժմ մենք ավելի քան 143 մլն եվրո արդեն տրամադրել ենք շուրջ 3908 փոքր և միջին ձեռնարկությունների, և այս թիվն անընդհատ աճում է։ Այս համատեքստում ԱրարատԲանկի նախաձեռնությունները նպաստում են ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը և դրանց թվի աճին Հայաստանում։ Վստահեցնում եմ, որ մենք շարունակում ենք մշակել ու զարգացնել նոր ռազմավարություն և հավատարիմ ենք մնում մեր՝ «lifelong partner for business» («կյանքի բիզնես-գործընկեր») դերակատարմանը, - նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։   

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Ռոսաննա Սարկեեվան նշել է. «ԱրարատԲանկը շատ կարևոր դեր ունի Հայաստանում ՓՄՁ ոլորտի ընթացիկ և ապագա կարիքներին արձագանքելու գործում, ոլորտ, որը ոչ միայն պահպանում և զարգացնում է բիզնեսը, այլև ձևավորում է երկրի տնտեսության ողնաշարը։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս վարկը նպաստի ԱրարատԲանկի կանաչ վարկավորման և կանանց բիզնես վարկերի պրոդուկտների շրջանակի ընդլայնմանը, ինչպես նաև ֆինանսական ենթակառուցվածքի հզորացմանը՝ COVID-19 համավարակի ազդեցությունն ու պատերազմի հետևանքները մեղմելու համար։

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերության մասին

«Տրիոդոս Ինվեստմենտ Մենեջմենթ» ընկերությունը (Տրիոդոս Այ Էմ) միավորում է բազմաթիվ ներդրողների, ովքեր ձգտում են ապահովել իրենց կապիտալի գործառնումը երկարաժամկետ և դրական փոփոխություններին միտված կայուն ու նորարար ձեռներերկատիրություններում և բիզնեսներում: Այս կերպ Տրիոդոս Այ Էմ-ը կատալիզատոր է ծառայում այն ոլորտներում, որոնք առանցքային են աշխարհի փոխակերպման գործում՝ դարձնելով այն ավելի արդար, կայուն և մարդասիրական: Ընկերությունն իր 25 տարվա գործունեության ընթացքում կուտակել է խորը և համապարփակ գիտելիքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Կլիմա և էներգախնայողությունը, Ֆինանսական հասանելիությունը, Կայուն սնունդ և գյուղատնտեսութունը, ինչպես նաև ընկերությունը ներդրումներ է կատարում այնպիսի կազմակերպություններում, որոնք էապես նպաստում են դեպի ավելի կայուն հասարակության փոխակերպմանը: Տրիոդոս Այ Էմ-ը շուրջ 50 երկրում ավելի քան 750 ներդրում իրականացրած համաշխարհային մասշտաբով ազդեցիկ ընկերություն է, որը կառավարում է 4.9 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ (2020թ.-ի հունիսի վերջի դրությամբ): Տրիոդոս Այ Էմ-ը դուստր ընկերություն է և 100%-ով պատկանում է Տրիոդոս Բանկ Էն Վի-ին , որը հիմնադրվել է Նիդերլանդներում 1980թ.-ին և համարավում է աշխարհում կայուն բանկային գործի առաջատար փորձագետը:

Ավելին` հետևյալ հղմամբ։ 

ԱրարատԲանկի մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, հիմնադրվել է 1991թ.-ին և ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով Բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 16 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ ԱրարատԲանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, Բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում սեպտեմբերի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 487.0 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներում վարկային ներդրումները կազմել են 296.1 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 55.2%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (163.3 մլն դոլար), իսկ 46.8%-ը՝ մանրածախ վարկավորմանը (138.4 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 406.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.8%-ը կամ 129.2 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 24.3%-ը կամ 98.9 մլն դոլարը ժամկետային ավանդներին և 21.9%-ը կամ 88.8 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում Բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 24 մլն դոլարով (32.1%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 77.7 մլն դոլարի համեմատ աճ՝ է գրանցել կազմելով 80.7 մլն դոլար: 2020թ.-ի 9-ամսյա Զուտ շահույթը կազմել է 4.3 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին՝ Բանկին հաջողվել է սեպտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.28% և ընդհանուր իրացվելիության 24.78% մակարդակ:

Ավելին՝ հետևյալ հղումներով։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև