Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

25.01.2021 21:50
Հայփոստը հիմնում է «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կենտրոնական բանկ իր կողմից հիմնադրված «Փոստ Կրեդիտ» դուստր վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման նպատակով:

Ինչպես նշվում է Հայփոստի կայքում, Հայփոստի հնգամյա ռազմավարության համաձայն, առաջիկայում ընկերությունը «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպության միջոցով ակտիվ գործունեություն պետք է ծավալի ֆինանսական շուկայում:

«Փոստ Կրեդիտ» համակարգը մեր երկրում կապահովի հասանելի ֆինանսական ծառայություններ, վարկավորման շուկայում նոր մոտեցումներ, ինչպես նաև՝ կարևոր գործոն կդառնա Հայփոստի՝ «Գյուղում՝ ինչպես քաղաքում» գլոբալ ծրագրի իրագործման մեջ: Հայփոստի դուստր կազմակերպությունը մատուցելու է նոր տիպի վարկային և թույլատրելի այլ ֆինանսական ծառայություններ, որոնք դրական փոփոխություններ կբերեն մեր սպառողներին և ֆինանսական շուկայի այլ մասնակիցներին:

«Հայփոստ» ՓԲԸ զարգացման հնգամյա ռազմավարությունը մշակել է միջազգային ճանաչում ունեցող «Դելոյթ» ընկերությունը: Խորհրդատվական թիմում ընդգրկված են եղել փոստային և փոստային-ֆինանսական ծառայությունների ոլորտի ճանաչված փորձագետներ: Ռազմավարությունը մշակվել է ծավալուն և մանրակրկիտ ուսումնասիրությունների ու վելուծությունների հիման վրա:

«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշում է. «Աշխարհի փոստային լավագույն ընկերություններն աշխատում են հիմնական հինգ ուղղություններով: Կարևոր ուղղություններից մեկը փոստային ֆինանսական ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ մենք պատրաստվում ենք լուրջ քայլեր ձեռնարկել: «Փոստ Կրեդիտ» դուստր կազմակերպությունն առաջիկայում շատ կարևոր և եզակի դերակատարում կունենա Հայաստանի ֆինանսավարկային շուկայում առկա բոլոր շահագրգիռ կողմերի համար, ինչպես նաև՝ կնպաստի Հայփոստի զարգացմանը: Մենք նոր գաղափարներ և նոր մոտեցումներ ենք ներմուծելու վարկավորման ծառայություններում»:

Վարկային կազմակերպությունը գործունեություն է ծավալելու հետևյալ հիմնական ուղղություններով. սպառողական վարկավորման ծրագրեր և գյուղատնտեսական վարկավորման ծրագրեր, արտադրական և առևտրական գործունեությամբ զբաղվող փոքր և միջին, ինչպես նաև՝ ընտանեկան բիզնեսով զբաղվող սուբյեկտների վարկավորում և վերականգնվող էներգետիկայի և կանաչ տնտեսության զարգացման վարկեր:

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական ծառայություններ և ծառայություններ մանրածախ առևտրի ոլորտում։ Հիմա ընկերությունը գործունեություն է իրականացնում Հայաստանի բոլոր քաղաքներում և անգամ ամենահեռավոր գյուղական համայնքներում։

«Հայփոստ» ՓԲԸ–ի զարգացման 5–ամյա ռազմավարությունը մշակվել է Deloitte համաշխարհային ընկերության կողմից, այն հիմնված է ծավալուն, մանրամասն ուսումնասիրությունների և վերլուծության վրա։ Կոնսալտինգային խմբի կազմում ներառվել են փոստային  և փոստային–ֆինանսական ծառայությունների ոլորտում գործող հայտնի մասնագետներ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև